ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 66-րդ նստաշրջանին մասնակցության շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրների պատվիրակությունների ղեկավարների, ներկայացուցիչների հետ:
ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի (UN Women) գործադիր տնօրենի տեղակալ, կազմակերպության գլխավոր քարտուղարի օգնական Օսա Ռեգների հետ հանդիպման ընթացքում նախարարը շեշտել է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների ու հնարավորությունների իրացման համար նպաստավոր պայմանների ապահովման, ինչպես նաև գենդերային հավասարության և կանանց զորեղացման ուղղությամբ համատեղ ծրագրերի անհրաժեշտությունը։ Քննարկվել է նաև Հայաստանում գրասենյակ ստեղծելու հնարավորությունը։
Կողմերը կարևորել են հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի բոլոր ոլորտներում գենդերային բաղադրիչի ներառման, գենդերային հավասարության հասնելու ազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ միջոցառումների դերը։ Ընդգծվել է նաև երկկողմ պատրաստակամությունը՝ համագործակցության ընդլայնմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացման համար։