Հյուսիսատլանտյան դաշինքը մոտ 140 հազար զինվոր է տեղակայել Եվրոպայում՝ հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Մենք արդեն սկսել ենք իրականացնել դաշինքի պաշտպանության, մեր պատրաստականության բարձրացման և Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում զինվորների տեղաբաշխման ծրագրերը»,- ասել է Ստոլտենբերգը: Նա հայտնել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներում հարյուրհազարավոր զինծառայողներ գտնվում են մարտական բարձր պատրաստվածության վիճակում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Եվրոպայում տեղակայված 140 հազար զինվորներին աջակցություն են ցուցաբերում խոշոր ավիացիոն և ծովային ուժերը, ինչպես նաև ՀՕՊ համակարգեր:
Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի օգնությամբ Ուկրաինայի բանակն անցել է բազմամյա նախապատրաստում, որը բարձրացրել է նրա մարտունակությունը: Նա հավելել է, որ դաշինքը Կիևին զգալի քանակությամբ աջակցություն է տրամադրել՝ երկրի պաշտպանության համար: