44-օրյա պատերազմի ժամանակ դավաճանություն կատարելու դեպքով երեք քրեական գործ է հարուցվել: Մեղադրյալները 32-ն են, կալանավորվածները՝ 24-ը: 2-ի վերաբերյալ գործն այժմ դատարանում է:
Արմեն Գևորգյան (դատախազությունում ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ) - Խոսքը ՀՀ երկու քաղաքացիների կողմից խմբի կազմում նախ՝ 2018 թվականին Թուրքիայում գտնվելու ընթացքում ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից հավաքագրվելու դեպքին էր վերաբերում, խմբի անդամներից մեկի դավաճանական գործողությունները շարունակվել էին նաև 2020 թվականի մայիսից մինչև դեկտեմբերը ներառյալ ժամանակահատվածում, այդ թվում նաև՝ պատերազմի բուն ժամանակահատվածում՝ սկսած սեպտեմբերի 27-ից:
Այդ խմբի անդամներից մեկը երկար տարիներ զինվորական է եղել, որպես կամավորական ջոկատի հրամանատար 44-օրյա պատերազմի ժամանակ մասնակցել Հադրութի ինքնապաշտպանական մարտերին: Ըստ Գևորգյանի՝ օգտագործելով կարգավիճակը՝ մարտի դաշտից բջջային հավելվածների միջոցով մարտական ծառայության մեջ չգտնվող զենիթահրթիռային համալիրի հստակ տեղորոշում է փոխանցել հակառակորդին, ինչի հետևանքով անօդաչու թռչող սարքից շարքից դուրս է բերվել մեր համակարգը:
Երկրորդ դեպքի մասին մոտ 10 օր առաջ հայտնի դարձավ. ԱԱԾ-ն բացահայտել էր երկու գործակալական ցանց, որոնք քննվում են մեկ վարույթում: Գործերից մեկով մեղադրվում է 20 անձ, որոնցից 14-ը կալանավորվել են: Երկրորդ դեպքով ձերբակալվել է 16 անձ, որոնցից 10-ը կալանավորվել են: Գործով անցնում են նախկին ու ներկա զինվորականներ, նաև՝ այլ պետական մարմինների աշխատակիցներ:
Արմեն Գևորգյան - Նշված երեք դեպքերում էլ գործել են հակառակորդի հատուկ ծառայությունները, քողարկված եղանակով հավաքագրել են անդամներին, և իրականացվել է տվյալների փոխանցում, ընդ որում՝ քրեական գործերից մեկով այդ տվյալների փոխանցումն իրականացվել է համակարգչային, համացանցային համակցման եղանակով:
Գևորգյանի խոսքով՝ ադրբեջանական հատուկ ծառայությունները սկսել են նաև նոր գործիքակազմ կիրառել. եթե նախկինում Թուրքիայում կամ այլ երրորդ պետության տարածքում էին հավաքագրում, այժմ ավելացել է նաև համացանցով հավաքագրման տարբերակը:
Արմեն Գևորգյան - Մասնավորապես թիրախավորել են համացանցային և սոցիալական ցանցերում գրանցված ՀՀ այն քաղաքացիներին, որոնք առերևույթ կապ ունեն Արցախի կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ, և այդ անձանց նրանք տեսակավորել, թիրախավորել են հատկապես նրանց սոցիալական ցանցի էջերում տեղադրված զինվորական համազգեստով լուսանկարների կամ զինվորական ծառայության հետ կապված տեսանյութերի ցուցադրման հանգամանքը ուսումնասիրելու արդյունքում:
Յուրաքանչյուր քրեական գործով ենթադրյալ դավաճանության դիմաց վարձատրության գումարները տարբեր են՝ սկսած 50 դոլարից: 44-օրյա պատերազմից հետո օրենսդիրը պետական դավաճանության հոդվածում որոշ փոփոխություններ է կատարել: Ներկայում հոդվածը պատասխանատվություն է նախատեսում 15-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում: Քանի որ ներկայացված դավաճանական գործողությունները կատարվել են մինչև 2022-ի հունվարը, մեղադրյալներից մի քանիսը հնարավոր է ցմահ ազատազրկվեն:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան