Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունը ապրիլի 10-ից նոր հարցաշարով կլինի: Ավելի քան 500 համալրում՝ ընդհանուր 1116 հարց: Նոր հարցաշարը արդեն հասանելի է ոստիկանության պաշտոնական կայքում:
Արմեն Սարգսյան (ՀՀ ՃՈ հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի պետ) - Տարբեր հարցեր են, բայց պատասխանը գրեթե նույնությամբ կրկնվում է: Եթե դուք գիտեք կանոնը, որ 100 մետր տեսանելիության ապահովման դեպքում կարող եք հետադարձ կատարել, այս խմբի մի քանի հարցի կարող եք արդեն իսկ պատասխանել:
Դեռ մեկ տարի առաջ տեսականի հարցատոմսում 10 հարց կար: 2021-ի հունվարին ճանապարհային ոստիկանությունը փոփոխություն արեց՝ ավելացնելով ևս 10 հարց: Եթե հաջողվում է 18-ին պատասխանել, անցնում եք գործնական քննության փուլ: Կարգը պահպանվել է: Եթե նախկինում տեսական հանձնելու համար ամիսներով հերթի էին սպասում, հիմա գրանցվելու հաջորդ օրը քննության են ներկայանում, գործնականի դեպքում՝ սպասում մինչև 40 օր:
Թե ինչու որոշվեց փոխել հարցաշարը՝ պատճառը մեկն է. որ քաղաքացին անգիր չանի ու առանց հասկանալու մեխանիկորեն երթևեկության կանոններին ճիշտ պատասխանի. ըստ Սարգսյանի՝ այս փոփոխությունը ավելի երկար և հաստատուն պատրաստվելու համար է:
Արմեն Սարգսյան - Տրամաբանությունը, որ ես այս հարցաթերթիկը անգիր անեմ, սա է լինելու, բացակայում է, և, համապատասխանաբար, բացակայում են նաև այն ռիսկերը, որ կարող են լինել կոնկրետ հարցաթերթիկը տրամադրելու և հետագայում դրանով քննություն ընդունելու պարագայում:
Նոր փոփոխությամբ տեսական քննություն հնարավոր է հանձնել արդեն 5 լեզվով: Հայերենին ու ռուսերենին ավելացել են նաև անգլերենը, պարսկերենն ու արաբերենը: Կեցության օրինականությունը հավաստող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում Հայաստանի ազգային վարորդական վկայական կարող են ստանալ նաև մեր երկրում ապրող օտարերկրացիները:
Արմեն Սարգսյան - Եվ նրանց ներկայացնել պահանջ հայերեն իմանալու՝ այնքան էլ խելամիտ չէ, իսկ պարսկերեն և արաբերեն տեղադրելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ քանակը քաղաքացիների, որոնք ցանկություն են հայտնում այդ լեզուներով հանձնել քննություն, բավականին մեծ է:
Վերջին տարիների փորձը ցույց է տալիս՝ տեսական քննությունն առաջին փորձից հաջողում է ամեն երկրորդը, գործնականի դեպքում՝ ամեն երրորդը: Պատճառներից մեկն էլ այն է, որ քաղաքացիները մարդատար ավտոմոբիլով քննություն արդեն մեկ տարի է հանձնում են բացառապես իրական երթևեկության պայմաններում: