Նյու Յորք կատարած այցի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի գենդերային հավասարության, բազմազանության և հավասար հնարավորությունների լիազոր նախարար Էլիզաբեթ Մորենոյի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում Նարեկ Մկրտչյանն ընդգծել է հասարակական կյանքում կանանց ու տղամարդկանց հավասար ներգրավվածության ապահովման, կանանց և աղջիկների առաջխաղացման, ինչպես նաև տնտեսական հզորացման կարևորությունը։ Նախարարը նշել է նաև լավագույն փորձի փոխանակման ու, ըստ անհրաժեշտության, տեղայնացման անհրաժեշտությունը։
Ողջունելով Հայաստանի ակտիվ դերակատարությունն ու մասնակցությունը «Հավասարության սերունդ ֆորումի» շրջանակում՝ Էլիզաբեթ Մորենոն նշել է, որ Ֆրանսիան սատարում է հավասար հնարավորությունների ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող բարեփոխումները։ Նա պատրաստակամություն է հայտնել ընդլայնել համագործակցությունը բոլոր, այդ թվում՝ գենդերային հավասարության և հավասար հնարավորությունների ոլորտներում։
Էլիզաբեթ Մորենոյի խոսքով՝ Ֆրանսիան գիտի այն դժվարությունները, որոնց միջով անցել է Հայաստանը, և ողջունում է ներառական հասարակություն ունենալու ուղղությամբ գործադրած կամքն ու շարունակական ջանքերը։
Հանդիպման շրջանակում քննարկվել է նաև Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում կանանց մասնակցայնության բարձր ցուցանիշը, որն էականորեն բարձր է Եվրոպայի միջին ցուցանիշից։
Կողմերը պատարաստակամություն են ձեռք բերել շարունակելու համագործակցությունը, ինչի համատեքստում Ֆրանսիայի նախարարն ընդունել է Նարեկ Մկրտչյանի՝ Հայաստան այցելելու հրավերը։