Հայաստանում նախորդ տարի ավելի քան 30 հազար հանցագործություն է կատարվել, 2020-ի համեմատ թիվը 14,3 տոկոսով ավելի է: Աճ է արձանագրվել ինչպես ոչ մեծ, այնպես էլ՝ ծանր և միջին ծանրության հանցագործությունների դեպքում։ Կեսից ավելին ոչ մեծ, մոտ մեկ երրորդը միջին ծանրության դեպքեր են եղել, ծանրը՝ 14.8 տոկոս է, առանձնապես ծանրը՝ 1.1 տոկոս: 2020-ի համեմատ 2020-ով ավելացել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները:
Արա Ֆիդանյան (ՀՀ ոստիկանության պետի տեղակալ) - 2021 թվականի տարեսկզբից ողջ Հանրապետությունում գլուխ էր բարձրացրել հաշվառման համարանիշների գողության դեպքերը, մասնավորապես 2021 թվականի ընթացքում կազմել է 1037 դեպք, 2020 թվականին նման հանցագործությունները 319-նն էին:
Փոխոստիկանապետի խոսքով՝ այս ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել. արդյունքում, այսուհետև հափշտակված համարանիշը օրենքով վերադարձվում է քաղաքացիներին:
Արա Ֆիդանյան - Հատկանշական է, որ անձնական գույքի հափշտակության ընդհանուր կառուցվածքում շուրջ 63 դեպքով նվազել է հանրության համար առավել հուզող և հետաքրքրող հանցագործություններից մեկը՝ բնակարանային գողությունների դեպքերը:
2021-ին աճել են նաև թմրամիջոցների, թրաֆիքինգի և հրազենի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները: 51 տոկոսով էլ աճել են կաշառակերության դեպքերը: Առավել հնչեղություն ունեցող սպանությունները 2020-ի համեմատ 10-ով ավելացել է, սակայն դրանց բացահայտման ուղղությամբ կատարված գործողությունները բավականին արդյունավետ են,- ասում է փոխոստիկանապետ Ֆիդանյանը:
Արա Ֆիդանյան - Պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, քրեաբանական առումով պատերազմներից հետո մշտապես քաղաքացիների մոտ ավելանում է զենքերի առկայությունը և դրանցով պայմանավորված ավելանում են հենց հրազենի միջոցով կատարվող հանցագործությունները:
Ունենալով գերծանրաբեռնված օրակարգ՝ ոստիկանությունն ընդհանուր առմամբ կատարել է իր առջև դրած խնդիրները: Փոխոստիկանապետ Ֆիդանյանը նկատում է՝ հանցագործությունների բացահայտման բարձր ցուցանիշը իրենց աշխատանքի ամենավառ ապացույցն է:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան