ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողություններ՝ «Ֆինիկո» ընկերության հանցավոր գործունեության հետևանքով տուժած բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020 թ. մարտից Հայաստանի Հանրապետությունում գործունեություն է իրականացրել «Ֆինիկո» («FINIKO») անվանումով ընկերություն, որը գործել է որպես ֆինանսական ներդրումային գործունեություն իրականացնող ընկերություն և հաճախորդներին առաջարկել է ներդրումներ կատարել՝ հետագայում 25-30 տոկոս եկամտաբերություն ստանալու նպատակով:
Ներդրումները կատարվել են կանխիկ գումարները կրիպտոարժույթի փոխարկելու և դրանք ընկերության համապատասխան էլեկտրոնային դրամապանակ մուտքագրելու եղանակով:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ստեղծվել և ղեկավարվել է ֆինանսական բուրգ, այսինքն՝ իրականացվել է գույքի ներգրավմանն ուղղված գործունեություն, որով գույք ներդրողի օգուտը պայմանավորվել է նոր ներդրողների ներգրավումից ստացված գույքի հաշվին՝ առանց նշված գույքն իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու մտադրության, որի արդյունքում անձանց պատճառվել է խոշոր չափի վնաս:
Պարզվել է նաև, որ ՀՀ տարածքում «Ֆինիկո» անվանումով ընկերության գործունեությունը ղեկավարվել է Վազգեն Զոբոյանի և վերջինիս կնոջ կողմից, ովքեր 2021 թ. հուլիսի 31-ից Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվում:
Վարույթն իրականացնող մարմինը հորդորում է, որ նշված ընկերության հանցավոր գործունեությունից տուժած քաղաքացիները դիմեն Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: