Հայկական հյուրասիրությամբ՝ տեղում թոնրի մեջ թխվող լավաշով, Հայաստանից բերված բանջարեղենով ու անուշեղենով, հայկական կոնյակ ու գինով Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի տարածքում գտնվող «Հայաստան» տաղավարում զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները քննարկում են տուրիզմի զարգացումը Հայաստանի և Ռուսաստանի միջև:
Սիսիան Պoղոսեան (ՀՀ զբոսաշրջության կոմիտեի ղեկավար) - Այս պահին Ռուսաստանից Հայաստան հոսքը բավականին մեծացել է, այս պահին ռուսները հետաքրքրված են Հայաստանի շուկայով որպես պահանջված երկիր, տուրիստի համար լավ ծրագրեր ունենք:
Ռուսաստանը Հայաստանի զբոսաշրջային ամենամեծ և առաջնային շուկաներից է։ Հայաստանի զբոսաշրջային առաջարկներն էլ բազմազան են՝ արկածային, գաստրոզբոսաշրջություն, գինու սիրահարների համար նախատեսված ուղղություններ, երևանյան և մարզային փառատոներ, իրական փորձառություններ, համաշխարհային մշակութային արժեքներ և այլն։
Mitt-2022 28-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Մոսկվա ժամանած հայկական 13 զբոսաշրջային ընկերություն ակտիվ քննարկումներ են անցկացնում Ռուսաստանի տուրիստական ընկերակցությունների և առաջատար զբոսաշրջային ընկերությունների, ՌԴ զբոսաշրջության դաշնային գործակալության և Մոսկվա քաղաքի զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ զբոսաշրջային հոսքի ավելացման, երկու երկրների միջև համագործակցության և զբոսաշրջության զարգացման նոր ուղիներ գտնելու համար:
Գագիկ Հակոբյան (տուրիստական ընկերության տնօրեն) - Հնարավորությունների շրջան է, քանի որ Ռուսաստանի համար շատ քիչ բաց երկրներ կան, երկրներ, որոնց հետ ավիահաղորդակցությունները չեն դադարել: Լավ լուր եղավ, որ «Աերոֆլոտը» բացում է կրկին թռիչքները:
Հայաստանը գրավիչ է նրանով, որ չկան ճամփորդական սահմանափակումներ, Ռուսաստանի քաղաքացիների համար թռիչքը ներքին անձնագրերով է, գործում է МИР ռուսական վճարային համակարգը, բարեկամ երկրում ռուսներին ընդունում են սիրով ու մեծ հյուրընկալությամբ՝ ի տարբերություն շատ երկրներում խորացող հակառուսականության՝ ասում են ռուս տուրօպերատորները:
Օլգա Մալինովսկայա (տուրիստական ընկերության գործադիր տնօրեն) - Մենք տարբեր երկրներից զբոսաշրջիկներ ենք ընդունում, այդ թվում հետաքրքրված ենք Հայաստանից եկող տուրիստներով: Հայաստանը շատ հետաքրքիր երկիր է, ժողովուրդը՝ բարեկամական, զբոսաշրջային առաջարկներն էլ բազմազան են: Այդ պատճառով շատ հետաքրքրված ենք համագործակցությամբ:
Ռուս գործընկերների մոտ ամենամեծ անհանգստությունն առաջացնում են ավիափոխադրումների գները, որն էլ կապված է պահանջարկի կտրուկ աճի հետ: Հույս են հայտնում, որ ռուսական ավիաընկերությունների չվերթների վերաբացումը կլինի մոտ ապագայում և, անհրաժեշտության դեպքում, հայկական կողմը ևս կփորձի ավելացնել ավիափոխադրումների հաճախականությունը, որպեսզի մեծ պահանջարկի դեպքում գնաճը կարողանան զսպել: