Ռուսաստանը ցանկանում է այնպիսի համաձայնության գալ Ուկրաինայի հետ, որը սերունդներին հնարավորություն կտա ապրել խաղաղ՝ հայտարարել է ռուս-ուկրաինական բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Նա ընդգծել է՝ Կիևի հետ բանակցությունները ծանր ու դանդաղ են ընթանում, դրական դինամիկա նկատվում է, սակայն ոչ բոլոր հարցերի շուրջ։
Մեդինսկին խոսել է բանակցությունների նպատակների մասին։
Վլադիմիր Մեդինսկի (ՌԴ նախագահի օգնական) - Վլադիմիր Պուտինը մեր առաջ խնդիր է դրել՝ խաղաղության հասնել։ Մեզ պետք է խաղաղ, ազատ, անկախ, չեզոք Ուկրաինա՝ երկիր, որը ՆԱՏՕ-ի անդամ չէ, որը մեր բարեկամն ու հարևանն է:
Նա նշել է, որ խաղաղություն հաստատելու վերաբերյալ պայմանագրերի յուրաքանչյուր տառ քննարկվում է ուկրաինական կողմի հետ։
Մեդինսկու խոսքով՝ Կիևը բանակցությունների ժամանակ առաջարկում է Ուկրաինայում ձևավորել չեզոք ապառազմականացված պետություն՝ Ավստրիայի կամ Շվեդիայի օրինակով, որը կունենա բանակ և ռազմածովային ուժեր։ «Օրակարգի կարևոր կետերից է նաև ապազգայնականացման հարցը»,- հավելել է պաշտոնյան։
Ուկրաինական կողմն արձագանքել է չեզոք կարգավիճակի «շվեդական» և «ավստրիական» մոդելների մասին Մեդինսկու հայտարարությանը: «Ուկրաինան այժմ պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ։ Հետևաբար խոսք կարող է լինել միայն «ուկրաինական» մոդելի և միայն իրավական ուժ ունեցող «անվտանգության երաշխիքների» մասին»,- նշել է Վոլոդիմիր Զելենսկու խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդես է եկել տեսաուղերձով՝ խոսելով Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին:
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Մենք ակտիվացնելու ենք աշխատանքները՝ օկուպանտներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ. միջազգային տրիբունալ պետք է լինի՝ այն ամենի համար, ինչ նրանք արել են Ուկրաինայի դեմ, մեր ժողովրդի դեմ:
Նրա խոսքով՝ ռուսական զորքերը Ուկրաինայում ավելի շատ ավերածություններ են կատարել, քան ուկրաինական ուժերը՝ Դոնբասում ութ տարվա ընթացքում։
Զելենսկին հայտնել է նաև, որ ամեն օր առավոտյան ժամը 9-ին համապետական լռության րոպե է սահմանվել։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը համակարծիք է՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները հեշտ չեն ընթանում։ Նա հույս է հայտնել, որ ուկրաինական կողմի հետ հնարավոր կլինի պայմանավորվել երկրի չեզոք կարգավիճակի մասին: «Կոնկրետ ձևակերպումներ կան, որոնց շուրջ մոտ ապագայում համաձայնություն ձեռք կբերվի», - հավելել է նախարարը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է ճանապարհներ փնտրել՝ ապահովելու ինչպես իր, այնպես էլ Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությունը՝ բացառելով ՆԱՏՕ-ի ընդլայնումը Լավրովը հայտարարել է՝ «սա ճակատագրական պահ է ժամանակակից պատմության մեջ․ որոշվում է՝ ինչպիսին է լինելու հետագա աշխարհակարգը»:
Անդրադառնալով Եվրոպայի Խորհրդից դուրս գալու՝ Ռուսաստանի որոշմանը՝ Լավրովը նշել է, որ Մոսկվան այն վաղուց էր կայացրել։
Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների արտահերթ նիստը։ Օրակարգում Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության հետևանքներն ու անվտանգային հարցերն են։
Հանդիպմանը հրավիրված են նաև Ուկրաինայի, Վրաստանի, Ֆինլանդիայի, Շվեդիայի պաշտպանության նախարարները։
Նիստից առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները «դաժան ներխուժում» է որակել: «Այս ամենն ազդելու է Եվրոպայի անվտանգության վրա, ՆԱՏՕ-ն շարունակելու է աջակցել Ուկրաինային»,- նշել է դաշինքի գլխավոր քարտուղարը։
Մարտի 24-ին էլ նախատեսված է ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդների արտահերթ գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Ուկրաինայի տարբեր շրջաններում ստեղծված մարդասիրական միջանցքները գործում են։ Ուկրաինայի իշխանությունները նախօրեին առավել անվտանգ բնակավայրեր են տարհանել շուրջ 30 հազար մարդու։ Տարհանում նախատեսված չէ Կիևի շրջանում՝ պարետային ժամի հետ կապված։
Փոխարենը կշարունակի գործել Մարիուպոլի հումանիտար միջանցքը։ Տարհանման նոր ուղղություն է գործարկվում Իզյում քաղաքում։
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալով էլ՝ Ուկրաինայից հարևան երկրներ է անցել ավելի քան 3 միլիոն փախստական։ Նրանք հիմնականում ապաստանում են Լեհաստանում, Ռումինիայում, Մոլդովայում, Հունգարիայում։