ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում է ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Նպատակը դատավորների կենսաթոշակի իրավունքի պայմանների համապատասխանեցումն է ՍԴ որոշմանը, ինչպես նաև դատախազների ու քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմանների սահմանումը:
Նախագծի նախնական տարբերակով սահմանվում էր դատախազի, Հակակոռուպցիոն կոմիտեում, Քննչական կոմիտեում և ՊԵԿ-ում ինքնավար պաշտոններ զբաղեցրած անձի համար որպես կենսաթոշակի իրավունք տվող պայման սահմանել դիմումի հիման վրա, ինչպես նաև հաստիքների կրճատման, առողջական վիճակի վատթարացման հիմքով պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ ունենալը:
Բայց օրենքը չէր տարածվի պաշտոնից ազատվածների վրա: Նախագծի լրաշակված տարբերակում փոփոխություններ են արվել:
«Վերանայվել են դատախազի, Հակակոռուպցիոն կոմիտեում, Քննչական կոմիտեում, ՊԵԿ-ի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժով կենսաթոշակ նշանակելու հիմքերը: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ պետական պաշտոն զբաղեցրած անձը չունի սույն օրենքով կենսաթոշակի իրավունք, եթե պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ կամ դրանից հետո օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար, որը կատարել է պաշտոնավարման ընթացքում:
Այս դեպքում 20 օրացուցային տարվա ստաժով նշված անձանց կենսաթոշակ կնշանակվի անկախ ազատման հիմքից և հաշվի կառնվի միայն պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ կամ դրանից հետո մինչև կենսաթոշակի համար դիմելը, օրինական ուժի մեջ մտած դատավճռով պաշտոնավարման ընթացքում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու հանգամանքը:
Ընդ որում՝ կենսաթոշակ ունեցող բոլոր պաշտոնատար անձանց համար հավասար պայմաններ սահմանելու նպատակով այս պայմանը օրենքով նախատեսվում է որպես կենսաթոշակի իրավունք տվող ընդհանուր պայման: Բայց դրա դեպքում կենսաթոշակի կանցնի ընդհանուր հիմունքներով՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված պայմաններով ու կարգով»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:
Նախագիծը հանձնաժողովի նիստում ստացավ դրական եզրակացություն: