Շիրակի մարզում երկու պոլիկլինիկա ընդգրկվել է կառավարության հրատապ միջոցառումների ծրագրում և հիմնովին կնորոգվի։ Գյումրու երկրորդ պոլիկլինիկայի մասով քննարկումները դեռ չեն ավարտվել, իսկ շուրջ մեկ դար որպես առողջապահական հաստատություն շահագործվող առաջին պոլիկլինիկայի շենքը ներառված է հրատապ նորոգումների ծրագրում:
Լեյլի Ասլանյան (Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պատասխանատու) - Մեկնարկը լինելու է 23 թ. ապրիլին: Հատկացված է 267 մլն դրամի կարգի գումար։
Գինեկոլոգի աշխատասենյակի հատվածում շենքը լուրջ վնասված է, վերջին երկրաշարժից ճեղքերն ավելի են խորացել: Հատկացված գումարով կիրականացվի շենքի ամրացում ու ներքին հարդարում: Բուժանձնակազմը տեղյակ է նոր որոշումից։
Մանյա Նիկողոսյանն արդեն 40 տարի է աշխատում է այստեղ. ասում է՝ վերջին անգամ շենքում մասնակի նորոգում եղել է 90- ականներին:
Մանյա Նիկողոսյան (Ավագ բուժքույր) - Անցած դարի 24 թ. սկսել է գործել որպես բուժհաստատություն, երկու տարի հետո 100 ամյակը կնշվի: Շենքը 1870- ականների շենք է եղել, սկզբում ինչ էր` չգիտեմ, բայց 24 թ բուժհաստատություն էր:
Խնդիր է նաև բուժական գույքը, ասում է տեղամասային բժիշկ Հրանուշ Հակոբյանը, հրատապ է հատկապես ռենտգենի հարցը։
Հրանուշ Հակոբյան (բժիշկ) - Ռենտգենը հին է, լուրջ խնդիր է, էխոյի ապարատը հին է։ 15 հազար հոգու է սպասարկում, ես էլ եմ զարմանում , որ չեն տեղափոխվել ազգաբնակչությունը, բուժանձնակազմը հարգված է, սիրված կլինիկա է:
Շենքի հարցը լուծելուց հետո սարքավորումները կնորացվեն, ասում է մարզպետարանի առողջապահության վարչության պատասխանատուն։ Այդ հարցով արդեն բանակցություններ են վարում Եվրասիա հիմնադրամի և առողջապահության նախարարւթյան հետ։ Երրորդ խնդիրը, որը ընդհանուր է առողջության առաջնային պահպանման օղակի համար մարզերում, ըստ Լեյլի Ասլանյանի, նեղ մասնագիտական կադրերի հարցն է։
Լեյլի Ասլանյան - Մասնագետների պահանջարկն ապահովելու համար կառավարությունը ծրագիր է իրականացնում, նպատակային կլինիկական օրդինատուրա ունենք:
Առայժմ այդ հարցն այլ կերպ են լուծում. նեղ մասնագիտական կադրերը հերթապահում են մեկ քառորդ կամ կես դրույքով՝ միաժամանակ մի քանի բուժհաստատությունում։