ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները պետք է շարունակվեն՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ «Սա բարդ, բայց կարևոր գործընթաց է, կողմերի դիրքորոշումներն արդեն ավելի իրատեսական են»,- հավելել է նա։ Զելենսկին հույս է հայտնել, որ վերջնական համաձայնությունը կլինի հօգուտ Կիևի։
Նախագահի գրասենյակից հայտնել են նաև, որ Ռուսաստանի հետ բանակցություններում առկա են էական հակասություններ, սակայն փոխզիջումների հնարավորություն կա։
ՌԴ ԱԳՆ-ն էլ պնդում է՝ Մոսկվան պատրաստ է երկխոսության՝ ցանկացած ձևաչափով, եթե դա կօգնի գտնել օպտիմալ լուծումներ։
Ավելի վաղ ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան հայտարարել էր ռուսական կողմի հետ բանակցությունները վերսկսելու մասին։ Տեսակապի միջոցով մի քանի ժամ տևած քննարկումներից հետո Զելենսկու գրասենյակից տեղեկացրել են, որ դրանք կշարունակվեն այսօր։
ԼԵՀԱՍՏԱՆԻ, ՍԼՈՎԵՆԻԱՅԻ, ՉԵԽԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ
Ուկրաինայի նախագահը Կիևում հանդիպել է Լեհաստանի, Չեխիայի և Սլովենիայի վարչապետների հետ։ Քննարկումներին մասնակցել է նաև Ուկրաինայի վարչապետը։ Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաև սպառազինության մատակարարումներին, տարհանմանը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը վերաբերող հարցերի։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել վարչապետներին՝ Ուկրաինային օգնելու համար։
Լեհաստանի Վարչապետ Մատեուշ Մորավիեցկին, իր հերթին, ընդգծել է, որ Ուկրաինան վայելում է Եվրամիության անվերապահ աջակցությունը։ Երկրի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին էլ առաջարկել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների կամ ավելի մեծ կազմով առաքելություն ուղարկել Ուկրաինա։
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՄ-ԻՆ ԱՐԱԳ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Չնայած ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության արագացված ընթացակարգի վերաբերյալ Կիևի դիմումին, Միությունից արագ արձագանք չկա՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալը։
«Մենք չենք կարող տասնյակ հազարավոր տարիներ սպասել պաշտոնական ընթացակարգերին։ Կոչ ենք անում ԵՄ բոլոր անդամներին արագացնել գործընթացը»,- նշել է Իգոր Ժովկվան։
ԿՔՆՆԱՐԿՎԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՉԵԶՈՔ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԸ
ԱՄՆ կաջակցի Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հետ կապված ցանկացած որոշման, այդ թվում՝ հնարավոր չեզոք կարգավիճակի վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Պետքարտուղարության ղեկավարի տեղակալ Վենդի Շերմանը։
«Ճգնաժամի հենց սկզբից ասել ենք՝ ոչինչ չենք որոշի Ուկրաինայի հարցով առանց Ուկրաինայի: Նման դիրքորոշումը վերաբերում է նաև Եվրոպային ու ՆԱՏՕ-ին: Այնպես որ, ընտրությունը Ուկրաինայի ժողովրդինն է»,- նշել է նա:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժողովրդին ուղղված իր հերթական ելույթի ժամանակ հայտարարել էր, որ պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը։
ԲԱՅԴԵՆԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՐՑԸ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Կոնգրեսի երկու պալատների կողմից հաստատված փաթեթը, որով նախատեսվում է ավելի քան 13 միլիարդ դոլարի մարդասիրական, ռազմական և տնտեսական աջակցություն տրամադրել Ուկրաինային։ Նախագահը նշել է նաև, որ չնայած Կիևի և ԱՄՆ Կոնգրեսի ճնշումներին, Ուկրաինայում ոչ թռիչքային գոտի ստեղծելը կնպաստի լարվածության աճին։
Նշվում է, որ Ջո Բայդենը մարտի 24-ին Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդների արտահերթ գագաթնաժողովին։ Մասնակիցները կքննարկեն Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը դադարեցնելու հնարավորությունը։
Սպիտակ տունն արձագանքել է նաև նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և մի շարք այլ պաշտոնատար անձանց նկատմամբ Մոսկվայի պատասխան պատժամիջոցներին։ «Ամերիկյան ղեկավարության ներկայացուցիչները չեն ծրագրում այցելել Ռուսաստան և այնտեղ հաշիվներ չունեն»,- հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Սակին։
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՌԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՆՈՐ ՕՐԵՆՔ
Վոլոդիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որի համաձայն արգելվում է ժխտել կամ արդարացնել Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները։ Օրենքը խախտելու համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն։
«Արգելվում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիան ներկայացնել որպես ներուկրաինական կամ քաղաքացիական հակամարտություն»,- ասված է փաստաթղթում։
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԼՔԵԼ Է 3 ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ
Ուկրաինայի իշխանությունները նախօրեին հումանիտար միջանցքներով առավել անվտանգ բնակավայրեր են տարհանել շուրջ 30 հազար մարդու։ Այդ մասին հայտնել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմից։ Այսօր, սակայն, բնակիչների տարհանում նախատեսված չէ՝ Կիևի շրջանում պարետային ժամի հետ կապված։
Փոխարենը կշարունակի գործել Մարիուպոլի հումանիտար միջանցքը։ Տարհանման նոր ուղղություն կգործարկվի Իզյում քաղաքից։
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալով էլ՝ Ուկրաինայից հարևան երկրներ է անցել ավելի քան 3 միլիոն փախստական։ Նրանք հիմնականում ապաստանում են Լեհաստանում, Ռումինիայում, Մոլդովայում, Հունգարիայում։