Ավիացիան Ռուսաստանի տնտեսության դեմ պատժամիջոցներից ամենաշատ տուժած ոլորտներից մեկն է: Արևմտյան երկրները կոշտ պատժամիջոցներ են սահմանել նաև ռուսական ավիաընկերությունների դեմ։ Հատկապես խոցելի են այն ինքնաթիռները, որոնք ընկերություններն օգտագործում են երկարաժամկետ վարձակալությամբ` գրում է BBC-ն։
Այդ ինքնաթիռները հաշվառվում են օտարերկրյա ռեեստրներում, իսկ դրանց թռիչքները կախված են այդ ռեեստրների տրամադրած փաստաթղթերից: Օտարերկրյա ընկերությունները կարող են արգելել թռիչքներն այդ ինքնաթիռներով կամ պահանջել վերադարձնել դրանք:
Վերջին շաբաթում նոր պատժամիջոցներ են սահմանվել ռուսական ավիաընկերությունների դեմ։ Բերմուդյան կղզիների իշխանությունները, որտեղ գրանցված է Ռուսաստանում թռչող ավելի քան 700 ինքնաթիռ, չեղյալ են համարել թռիչքային պիտանիության հավաստագրերը:
Ռուսաստանի իշխանությունները, դրանից խուսափելու համար, սկսել են մշակել կարգավորում, որը պետք է պաշտպանի ռուսական ավիաընկերություններին և թույլ տա նրանց թռիչքներ իրականացնել Ռուսաստանի ներսում և դեպի որոշ երկրներ։