ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի խորհրդի գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին ասված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ԱԶԲ ներկայացուցիչների հետ ընթացիկ և հետագա համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր քննարկելու հնարավորությունը։
Նախարարն ընդգծել է, որ Ասիական զարգացման բանկի միջոցով Հայաստանում բավականին շատ և բազմաշերտ ծրագրեր են իրականացվում, որոնք կարևորվում են ՀՀ կառավարության կողմից։
Արիֆ Բահարուդինի իր հերթին նկատել է, որ համավարակից հետո Հայաստանի տնտեսությունը բավական լավ թափով վերականգնվում է և ցանկություն կա Հայաստանում շարունակել ծրագրերի իրականացումը։
Մասնավորապես հակված են շարունակել դպրոցներում սեյսմիկ անվատանգության բարելավման ծրագիրը, հետաքրքրված են նաև Հյուսիս-հարավ ծրագրի հարավային հատվածով, կարևորում են նաև էներգետիկ ոլորտում համագործակցությունը։
ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ճանապարհային ոլորտում իրականացվող ծրագրերով ԱԶԲ գործընկերների կողմից ցուցաբերված ուշադրության և հետևողականության համար։
Փոխնախարարը ներկայացրել է հեռանկարային այն ծրագրերը, որոնք մշակվում և նախապատրաստվում են նախարարության կողմից։
Եվ նախարարը, և տիկին Ղալեչյանն առանձնացրել են Հյուսիս-հարավ ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցումը և կարևորել ԱԶԲ ներգրավվածությունն այս ծրագրում:
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ծրագրերի արդիականացման և իրականացման հնարավորությունները»,- նշված է գրառման մեջ: