Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չորեքշաբթի վիրտուալ ձևաչափով ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների առջև։ Նախօրեին նա տեսաուղերձով դիմել էր Կանադայի խորհրդարանին, որտեղ բնակվում են բազմաթիվ ուկրաինացիներ՝ գրում է ՏԱՍՍ-ը։
Զելենսկին ամերիկացի օրենսդիրներին կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ինչպես նաև խնդրել է ավելի շատ ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, մասնավորապես, տրամադրել հակաօդային պաշտպանության համակարգեր, այդ թվում՝ С-300:
Ուկրաինայի նախագահն ասել է, որ իր երկրի ճակատագիրը որոշվում է հենց հիմա՝ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ֆոնին։ Նա ասել է. «Կիևն «ամեն օր ենթարկվում է ռուսական զորքերի հրթիռային և օդային հարվածներին, և Ուկրաինան գտնվում է Երկրորդ աշխարհամարտից հետո ամենավատ պատերազմի մեջ»։
Զելենսկին ամերիկացի օրենսդիրների ուշադրությունը հրավիրել է Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտի ստեղծելու կամ նրան ռազմական ավիացիա տրամադրելու անհրաժեշտությանը, որպեսզի երկիրը կարողանա ինքնուրույն պաշտպանել իր օդային տարածքը։
Խոսելով պատժամիջոցների մասին՝ Ուկրաինայի նախագահը կոչ է արել ամերիկյան բոլոր ընկերություններին՝ լքել ռուսական շուկան և փակել ամերիկյան նավահանգիստները ռուսական բեռնատար նավերի համար։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ իշխանություններին և անձամբ նախագահ Ջո Բայդենին՝ օգնության, մասնավորապես՝ զենքի մատակարարման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար։ Այնուամենայնիվ, նա կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատի անդամներին՝ «ավելին անել» Ուկրաինայի իշխանություններին աջակցելու հարցում։