ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ մարտի 16-ին, ընդունել է Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Ասիական զարգացման բանկի հետ ունեցած ընթացիկ ծրագրերի մանրամասները, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերների և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ:
Նախարարն իր խոսքում կարևորել է ԱԶԲ-ի հետ ունեցած օրինակելի համագործակցությունը և շնորհակալություն հայտնել 15 տարիների ընթացքում ձևավորված կառուցողական փոխգործակցության համար:
Շեշտելով, որ միջազգային հեղինակավոր կառույցների հետ ՀՀ կառավարության համագործակցությունը կարևոր ուղենիշ է միջազգային ներդրողների համար, նախարար Խաչատրյանն ընդգծել է, որ ԱԶԲ-ն զգալի ներգրավվածություն ունի Հայաստանի Հանրապետությունում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումների գործընթացում և Հայաստանի համար կարևորագույն ծրագրերում: Այս համատեքստում նախարարը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգն ու հիմնական ուղղությունները:
Արիֆ Բահարուդինն իր հերթին, շնորհակալություն հայտնելով համատեղ բազմամյա աշխատանքի համար, նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը լավ հեղինակություն ունեցող երկրների շարքում է և Ասիական զարգացման բանկի կարևոր գործընկերներից մեկն է:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է համագործակցության շրջանակի շարունակական ընդլայնումը: