9-րդ օրն է՝ Արցախում բնական գազ չկա: Միակ գազատարի վերականգնմանն ադրբեջանական կողմն անընդհատ խոչընդոտում էր: Հումանիտար աղետի վերածված խնդրի շուրջ բանակցություններ էին ընթանում, որոնք այսօր վերջապես արդյունք են տվել:
Հայաստանի Կառավարության և ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները: Ուստի, պայմանավորվածության համաձայն, գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի, Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա ժամ առաջ:
Արցախի քաղաքային բնակավայրերում ջեռուցման հիմնական միջոցը բնական գազն է: Բնակիչները ստիպված են էլեկտրական սարքերով ջեռուցել, ինչի հետևանքով էլ ցանցը ծանրաբեռնվում է, էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներն էլ ամենօրյա բնույթ ստանում:
Կարինե Ավանեսյան (Ստեփանակերտի բնակիչ) - Էլեկտրական ջեռուցիչ ենք վառում, տաքացուցիչով ջուրն ենք տաքացնում: Որ լույս չի լինում, դժվար է:
Ավելի նպաստավոր պայմաններում են այն բազմաբնակարանների բնակիչները, որտեղ գործում է փայտի կենտրոնացված ջեռուցման համակարգ:
Հասմիկ Հակոբյան (Ստեփանակերտի բնակիչ) - Ջեռուցման խնդիրը չկա, բայց տաք ջրի հարցը ամենուր տանջում է, որովհետև դա կապ չունի արդեն ջեռուցման հետ: Եթե հանկարծ լույս էլ չունենանք, արդեն սա մեծ խնդիր է, որովհետև ջեռուցման համակարգը, փաստորեն, կանգնում է:
Բնական գազի բացակայությամբ պայմանավորված՝ Արցախի դպրոցներում գարնանային արձակուրդը մեկ շաբաթ շուտ է սկսվել: 39 դպրոց ջեռուցվում է գազով:
Միքայել Համբարձումյան (Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Եթե, ասենք՝ այդ 39-ի համար արձակուրդ սահմանեինք, մնացածի համար՝ ոչ, ճիշտ չէ: Այսինքն՝ այս երեխաների մի մասը դասի գնար, մի մասը՝ ոչ, սխալ է դառնում: Դրա իրավունքը նախարարությունն ունի՝ արձակուրդները սահմանելու, ֆորսմաժորային իրավիճակներից ելնելով, տեղաշարժելու իրավունքը ունի: Ելնելով այդ իրավունքից, և որպեսզի միանման լինի բոլորի համար՝ տեղաշարժեցինք արձակուրդները:
Արցախի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ինքնուրույն են որոշել պարապմունքները կազմակերպելու հարցը: Որտեղ չկարողանան հեռավար կազմակերպել, դասերը կշարունակեն ամառային արձակուրդի հաշվին:
Հեղինակ` Նարեկ Սահակյան