Իրավաբանական անձինք մինչև փետրվարի վերջ պետք է ներկայացնեին իրական շահառուների հայտարարագիր: Վերջնաժամկետն արդեն ավարտվել է, բայց ոչ բոլորն են ներկայացրել. ակտիվությունը չի գոհացնում պատասխանատուներին:
Տաթև Մկրտչյան (ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ) - 2022 թվականի հունվարի 1-ից սկսած մենք ստացել ենք ընհանուր առմամբ 926 հայտարարագիր: Այս պահին, հաշվի առնելով, որ վերջնաժամկետներն արդեն անցել են, և ներկայացնելու ժամկետները սպառված են, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունն անցել է վարչական իրավախախտումների վարույթների իրականացման փուլին:
Մարտի 16-ի դրությամբ գործակալությունը 120 վարույթ է հարուցել, ընդ որում՝ դրանց թիվն օրական ավելանում է միջինը 40-ով: Հստակ վիճակագրություն չի վարվում, բայց փետրվարի վերջի դրությամբ իրական շահառուների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող ընկերությունների թիվն անցնում էր 7.5 հազարը: Գործակալության պետը հիշեցնում է՝ վարույթի ընթացքում իրավաբանական անձինք դեռ հնարավորություն ունեն խուսափելու տույժերից:
Տաթև Մկրտչյան - Եթե ընկերությունն ուղղում է թույլ տված խախտումը, օրինակ՝ ներկայացնում է հայտարարագիր, կիրառվում է խրախուսական նորմ, և համապատասխան վարչական վարույթը կարճվում է:
Նախորդ տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ շատ ընկերություններ օգտվել են խրախուսական նորմից՝ հարուցված 150 վարույթից 130-ը կարճվել է հենց այս հիմքով:
Տաթև Մկրտչյան - Ունեցել ենք, ամեն դեպքում, 13 վարչական վարույթ, որոնք ավարտվել են նախազգուշացմամբ, չնայած որ այդ 13-ի դեպքում կրկին ներկայացվել է:
2021-ին հայտարարատուների թիվը մոտ 500 է եղել, քանի որ հայտարարագիր պետք է ներկայացնեին միայն հանրային ծառայությունների ու տեսալսողական մեդիայի ոլորտների ընկերությունները: Նախազգուշացում ստացած 13 ընկերություն հենց այս ոլորտներից են: Եթե դեպքերը շարունակական լինեն, ընկերությունները նաև ֆինանսական պատասխանատվության կենթարկվեն, իսկ եթե 3 տարի շարունակ ընկերությունը խուսափի հայտարարագիր ներկայացնել, գործակալությունը կդիմի դատախազություն՝ այն լուծարելու միջնորդությամբ: Հայտարարագիրը մեկ տարվա համար է, սակայն երբեմն անհրաժեշտ է լինում հավելյալ տեղեկություն ներկայացնել:
Տաթև Մկրտչյան - Օրինակ, եթե ունենք ՍՊԸ, որի 20 և ավելի տոկոս մասնակիցը X իրավաբանական անձն է, և գործակալությունում գրանցվում է իրավաբանական անձի մասնակից փոփոխություն, էդ դեպքում ևս իրավաբանական անձը ստանձնում է պարտավորություն՝ իրական շահառուի փոփոխությամբ պայմանավորված՝ ներկայացնելու հայտարարագիր: Այդ փուլում ևս ինքը ենթարկվելու է տույժի, եթե չներկայացնի հայտարարագիրը:
Տաթև Մկրտչյանի խոսքով՝ գործակալությունը նոր պարտավորության մասին ընկերություններին ծանուցելու հնարավոր բոլոր տարբերակներն օգտագործել է: Այն, որ նոր ներդրված ինստիտուտը առաջին տարում խնդիրների էր բախվելու, սպասում էին, բայց հուսով են՝ առաջիկայում իրավաբանական անձինք, հետագայում՝ նաև անհատ ձեռնարկատերերը, կհարմարվեն ու կյուրացնեն նոր կարգավորումները: