ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ աջակցությամբ կատարված քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4 րդ գումարտակի պարեկ Ա. Ա.-ն, տեղեկանալով, որ առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելու համար պարեկ Վ. Մ.-ի կողմից իր ծանոթի նկատմամբ 100.000 ՀՀ դրամ տուգանք նախատեսող վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել, հիշյալ պարեկին դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք:
Մասնավորապես, Վ. Մ.-ի կողմից արձանագրությունում նշվել է, թե իբրև քաղաքացին տուգանվել է երթևեկության ժամանակ հեռախոսակապից օգտվելու համար, որի արդյունքում 100.000 ՀՀ դրամի փոխարեն վերջինս տուգանվել է 10.000 ՀՀ դրամով:
Այնուհետև հիշյալ քաղաքացին, տեղեկանալով իրավախախտման փաստը ոչ պատշաճ արձանագրելու և դրանով էականորեն նվազ չափով վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին, պարեկային ծառայության մեկ այլ պաշտոնատար անձի` Ա. Մ.-ի միջնորդությամբ, իր օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար, Ա. Ա.-ին տվել է կաշառք:
Բացի դրանից՝ ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների, պարեկ Ա. Ա.-ն պարբերաբար չի արձանագրել մեկ այլ քաղաքացու` իր ծանոթ Գ. Մ.-ի կողմից կատարված ճանապարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումներ:
Իր հերթին, հիշյալ քաղաքացին ճանապարհային երթևեկության ոլորտում Ա. Ա.-ի հովանավորչությունն ու թողտվությունը ստանալու և հետագայում իր կողմից կատարվելիք իրավախախտումների համար վարչական պատասխանատվությունից ազատվելու համար նշված պարեկին տվել է կաշառք:
Ձեռք բերված հանցավոր համաձայնության շրջանակներում Գ. Մ.-ն հետագայում շարունակել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ տրանսպորտային միջոցներ վարելը, սակայն հայտնաբերված իրավախախտումները չեն արձանագրվել ակնհայտ ապօրինի գործողության համար կաշառք ստացած պարեկ Ա. Ա.-ի անձնական միջնորդությամբ:
14.03.2022 թ. ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակից Ա. Ա.-ն ձերբակալվել է կաշառք ստանալու և այլ հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով: Ի դեպ, վերջինիս բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:
Նույն օրը ձերբակալվել է նաև պարեկին կաշառք տված քաղաքացի Գ. Մ.-ն, որին 15.03.2022 թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (Կաշառք տալը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
16.03.2022 թ. Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ (Կաշառք ստանալը) հոդվածի 2 րդ մասով /2 դրվագ/ և 38 314 րդ հոդվածի 1 ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման համար: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Ա. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Կաշառքի միջնորդություն և պաշտոնեական կեղծիք կատարած մյուս պարեկների, ինչպես նաև կաշառք տված ևս մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ (Կաշառքի միջնորդությունը), 314-րդ (Պաշտոնեական կեղծիքը) և 312-րդ հոդվածների 1-ին մասերով (Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձին, հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը):
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Վերջիններս տվել են խոստովանական ցուցմունքներ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: