Սպառողների իրավունքները Հայաստանում օրենքով պաշտպանված են, սակայն դրա մասին հենց սպառողները լիարժեք իրազեկված չեն: Հայաստանում Եվրամիության առևտրի հարցերով պատասխանատուի դիտարկումն է:
Կարեն Ազարյան (Հայաստանում ԵՄ առևտրի հարցերի պատասխանատու) - Պահանջատեր չեն սպառողները, մեծ մասը տեղյակ չի, մյուս մասն էլ ունի մշակութային մտածողության խնդիր, որ մտածում է՝ ինչ գնամ բողոքեմ, ժամանակ ծախսեմ:
Հայաստանից Եվրամիություն որպես կենդանական սնունդ միայն մեղր, խեցգետին և խխունջ է արտահանվում: Մինչդեռ մսամթերքը ևս կարող էր արտահանվել, եթե սպանդանոցային մորթի մասին օրենքը գործեր: Փոխարենը՝ որոշ սպանդանոցներ սկսել են ոչ թե սպանդանոցային միս մատակարարել, այլ մորթը հավաստող փաստաթղթեր վաճառել: Խիստ ստուգումներ կլինեն՝ ասում է Գեորգի Ավետիսյանը:
Գեորգի Ավետիսյան (ՀՀ ՍԱՏՄ ղեկավար) - Ռեյդերը սկսում ենք, այսօրվանից էլ ենք սկսել, շարունակելու ենք ոչ թե ժամանակագրորեն, այլ ռեյդերը լինելու են անընդհատ: Սպանդանոցներում ստուգումներ, խանութներում, մսի վաճառքի կետերում, փողոցներում՝ ոստիկանության հետ:
Տեսչական մարմինը նոր գործառույթ է սկսում իրականացնել՝ կգնահատեն սննդի անվտանգության ռիսկերը, որի համար կգործակցեն Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հետ: Ինչ և որքան ուտել հիմա՝ գիտեն գիտնականները:
Լիլիթ Սահակյան (ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն) - Երբ որ մենք ասում էինք երկրաքիմիկներով, որ, օրինակ՝ համեմ կանաչին շատ սիրում է ծանր մետաղները, եթե հողում կա, ապա կուտակում է իր մեջ: Ասում էինք՝ մի՛ կերեք, բայց երբ հասկացանք, որ սպառողական զամբյուղում ինքը քիչ քանակ ունի, հասկացանք, որ ռիսկ չի պարունակում, բայց երբ աղտոտված կարտոֆիլը մեր սպառողական զամբյուղում մեծ մաս ունի, ինքը կարող է հանդիսանալ առողջական ռիսկ:
Առողջապահական տեսչական մարմինն էլ դեռ պայքարում է հակահիգիենիկ համաճարակային ու դեղերի վերահսկողության ուղղությամբ: Սպառողների իրավունքները պաշտպանված չեն խմելու ջրի, հակաբիոտիկների օգտագործման հարցում: Ջրի նմուշի ավելի քան 50 փորձաքննություն են արել:
Հակոբ Ավագյան (ՀՀ ԱԱՏՄ ղեկավար) - Ցավոք սրտի, այդ ոլորտում դեռ շատ անելիքներ կան, մասնավորապես, մարզերի ջրամատակարարումներն ու օրվա կարգավորիչ ջրամբարների վիճակը, անվտանգության վիճակը և այլն: Հակաբիոտիկները, ինչպես գիտեք, պարտադիր պայման ա, որպեսզի դեղատոմսով բաց թողնվեն, և պարտադիր պայման ա բժշկի համար, որ սահմանված չափով դեղատոմսով դուրս գրվեն: Մի քանի տասնյակ տուգանքներ կիրառվեցին և՛ բժիշկների, և՛ դեղատների նկատմամբ:
Եվս մեկ տարի, և վառելիք սպառողները որակի և ծավալների հարցում լիարժեք փոփոխություն կտեսնեն: Եթե տարիներ առաջ հեղուկ վառելիքի լիցքավորման տարբերությունը մեկ լիտրով պակաս էր, ստուգաչափումներից հետո այն հասել է 300-400 գրամի, սակայն սա ևս չի գոհացնում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին՝ թույլատրելի տարբերությունը 100 գրամն է:
Արմեն Կոտոլյան (ՀՀ ՇՎՏՄ ղեկավար) - Տեսչական մարմինն արդեն ունի իր չափիչ սարքերը չափագիտական վերահսկողություն իրականացնելու համար թե՛ բենզինի, թե՛ հեղուկ գազի, թե՛ ԱԳԼՃԿ-ների ոլորտում: Մենք նաև ձեռք ենք բերել բենզինի լաբորատոր փորձաքննություններ իրականացնող սարքեր, որոնք տեսչական մարմնին հնարավորություն կտան ավելի մատչելի գնով իրականացնել լաբորատոր փորձաքննություններ, որն էլ իր հերթին կբերի նրան, որ հաջորդ տարվա նույն բյուջեի շրջանակներում ստուգումների քանակը ավելի շատ կլինի, հետևաբար, խախտումները գնալով կքչանան:
Որպեսզի երկրում սպառողի իրավունքները պաշտպանված լինեն, չափագիտության ոլորտը ևս վերազինվում է նորագույն տեխնոլոգիաներով: