Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կվերսկսվեն մարտի 15-ին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Անդրադառնալով նախօրեին առցանց ձևաչափով տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցություններին՝ նա նշել է․ «Մեր պատվիրակությունը ռուսական կողմի հետ քննարկումների ընթացքում աշխատում է այս պատերազմը հնարավորինս շուտ դադարեցնելու ուղղությամբ։ Ինձ զեկուցել են, որ բանակցությունները բավական լավ են անցել, սակայն դեռևս պետք է սպասել»։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան էլ նշել է, որ Կիևը, ինչպես նախկինում, ձգտում է անվտանգության երաշխիքներ ստանալ։ Պաշտոնյան հավելել է, որ ռուսական կողմի որոշ պահանջներ անընդունելի են, մասնավորապես, տարածքային հարցերը: Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսի Արեստովիչը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր հնարավոր է ձեռք բերել 1-2 շաբաթվա ընթացքում:
Ռուս-ուկրաինական բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, իր հերթին, նշել է, որ ռուսական կողմը ձգտում է անել հնարավորը՝ կատարելու խաղաղության հասնելու՝ Վլադիմիր Պուտինի առաջադրած խնդիրները։ «Ամեն օր առանց հանգստյան օրերի, տեսակապի միջոցով մենք բանակցում ենք ուկրաինական պատվիրակության հետ»,- հայտնել է նա։