ԶԵԼԵՆՍԿԻՆ ԽՆԴՐԵԼ Է ՄԵԾԱՑՆԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Հասկանալի է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Մենք դա հասկանում ենք, մենք ադեկվատ մարդիկ ենք։ Տարիներ շարունակ լսել ենք այսպես կոչված «բաց դռների» մասին, բայց արդեն լսել ենք նաև, որ ՆԱՏՕ չենք մտնելու։ Դա պետք է ընդունել:
Վոլոդիմիր Զելենսկին հանդես է եկել Միավորված էքսպեդիցիոն ուժերի երկրների ղեկավարների հանդիպմանը, արևմտյան երկրներին խնդրել ընդլայնել Ուկրաինային ռազմական աջակցությունը, գլխավորապես ավելացնել ավիատեխնիկայի մատակարարումը։ Զելենսկին ընդգծել է նաև, որ Կիևին անհրաժեշտ են Արևմուտքի հետ գործակցության նոր ձևաչափեր և անվտանգության հուսալի երաշխիքներ։
«Եթե մենք չենք կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ապա պետք է աշխատենք այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք մեզ կօգնեն և կպաշտպանեն»,- հայտարարել է նա։
ՆԱՏՕ-Ի ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ԱՆՓՈՓՈԽ ԵՆ
ՆԱՏՕ-ի մոտեցումներում դեռևս փոփոխություն չկա.
«Ներկայումս չենք դիտարկում Ուկրաինայում ոչ թռիչքային գոտի սահմանելու հարցը»՝ հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիան Սմիթը։ Նրա խոսքով՝ դաշինքը չի ցանկանում սրել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Փոխարենը նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի մի շարք դաշնակիցներ զենք կամ մարդասիրական օգնություն են տրամադրում Ուկրաինային։
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլետենբերգն էլ իր հերթին նշել է, որ ՆԱՏՕ-ին անհրաժեշտ են Ռուսաստանի հետ հաղորդակցության խողովակներ՝ կանխելու ռիսկերն ու հնարավոր միջադեպերը։
Նա հայտարարել է նաև, որ դաշինքն ուժեղացնում է իր ներկայությունը արևելյան դաշնակիցների տարածքում։
«Մարտի 16-ին պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ կքննարկենք դաշինքի պաշտպանական դիրքորոշման փոփոխությունը»,- պարզաբանել է Ստոլտենբերգը։
Ռուսական կողմը նույնպես արձագանքել է․
Վասիլի Նեբենզյա (ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ) - Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցության գաղափարից: Ապառազմականացում, ապաազգայնականացում․ Ռուսաստանի այս պահանջները պետք է իրականացվեն, երբ հատուկ ռազմական գործողության խնդիրներն իրագործվեն, հրադադարն ուժի մեջ կմտնի:
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է նաև, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կներկայացնի Ուկրաինայում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ բանաձևի նախագիծ։
Նրա խոսքով՝ տեքստը կպարունակի դրույթներ հրադադարի ռեժիմի, խաղաղ բնակչության տարհանման, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ։
ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՀՐԱԴԱԴԱՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
Շարունակվում են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը բանակցային ճանապարհով լուծելու՝ Մոսկվայի և Կիևի ջանքերը։ Ռուս-ուկրաինական բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին նշել է, որ ռուսական կողմը ձգտում է անել հնարավորը՝ իրագործելու խաղաղության հասնելուն ուղղված Վլադիմիր Պուտինի առաջադրած խնդիրները։
«Ամեն օր առանց հանգստյան օրերի, տեսակապի միջոցով մենք բանակցում ենք ուկրաինական պատվիրակության հետ»,- հայտնել է նա։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի խոսքով էլ՝ երկու երկրի պատվիրակությունները, ի թիվս այլ հարցերի, քննարկում են հրադադար հաստատելու տարբերակները։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, անդրադառնալով ընթացող բանակցություններին, դրական էր գնահատել կողմերի ջանքերը՝ խաղաղ ճանապարհով կարգավորելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Պաշտոնական Կիևը, սակայն, շարունակում է պնդել՝ ռուսական կողմի որոշ պահանջներ, մասնավորապես՝ տարածքների հետ կապված, անընդունելի են։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ զրույցում գնահատել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունները, նրա խոսքով՝ Կիևն անլուրջ է տրամադրված փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու հարցում։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՈՐՈՇ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ Է
Լարված է իրավիճակը նաև Ուկրաինայի մի շարք շրջաններում։ Կիևի շրջանում պարետային ժամ է սահմանվել։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում այն գործելու է մարտի 15-ի երեկոյան ժամը 20:00-ից մինչև մարտի 17-ի առավոտյան ժամը 7:00-ը։ Նրա խոսքով՝ քաղաքացիները կարող են լքել իրենց տները միայն ապաստարան հասնելու համար։
Այսօր Խերսոնի շրջանն ամբողջությամբ անցել է Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ։ Այդ մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։ Ավելի վաղ ռուսական կողմի վերահսկողության տակ էին անցել նաև Մելիտոպոլն ու Խերսոնը։
Մարիուպոլի համար մարտերը շարունակվում են։ Գործարկվել են մարդասիրական միջանցքներ. շրջափակման մեջ գտնվող քաղաքը լքել է քաղաքացիներին տարհանող ավելի քան 2000 մեքենա:
Երկրում երկարաձգվում է նաև փետրվարի 24-ից գործող ռազմական դրությունը․ Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել համապատասխան օրինագիծը։ Նա նաև ստորագրել է Ռուսաստանի հետ ցանկացած տեսակի գործակցության քրեականացման մասին օրենքը։
Գերագույն ռադայի փոխնախագահ Ալեքսանդր Կորնիենկոյի խոսքով՝ նոր հոդվածը կարող է տարածվել ռադայի պատգամավորների վրա, որոնք լքել են Ուկրաինայի տարածքը կամ էլ նախկինում ոչ միանշանակ քաղաքական դիրքորոշում են ունեցել։
«Այս արարքների համար նրանք պետք է դատապարտվեն առավելագույն պատժի՝ 15 տարվա ազատազրկման»,- ընդգծել է պաշտոնյան։
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ
Չեն դադարում նաև փոխադարձ պատժամիջոցների մասին որոշումները․ Մոսկվան այսօր պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ամերիկյան վարչակազմի մի շարք ներկայացուցիչների նկատմամբ: Նրանց արգելվել է մուտք գործել Ռուսաստան:
Միևնույն ժամանակ, նշվում է, որ Ռուսաստանը չի հրաժարվում ԱՄՆ-ի հետ պաշտոնական կապերի պահպանումից, այդ թվում՝ բարձր մակարդակի շփումներից:
«ԱՄՆ-ի պատժամիջոցներին Ռուսաստանի պատասխանը անխուսափելի հետևանքն է ներկայիս ամերիկյան վարչակազմի որդեգրած ծայրահեղ ռուսատյաց քաղաքականության»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: