Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների՝ «Արմենպրեսին» տված հարցազրույցում շեշտել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը, անդրադարձել Բաքվի առաջարկած խաղաղության պայմանագրի 5 կետերին, միաժամանակ ուշագրավ համարել, թե ինչո՞ւ է փետրվարի 21-ով թվագրված նամակը հայկական կողմին միայն մարտի 10-ին փոխանցվել: Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև հայկական կողմի դիրքորոշումը:
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Երկու երկրները, ըստ էության, դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ։
Հարկ է նկատել նաև, որ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ամբողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների:
Արարատ Միրզոյանի խոսքով՝ հայկական կողմն արդեն պատասխանել է Բաքվի առաջարկին: Արտգործնախարարն անդրադարձել է նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացի և տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ՝ Ադրբեջանի առաջարկներին:
Արարատ Միրզոյան - Մենք համարում ենք, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունները պետք է լիարժեք կյանքի կոչվեն, և մենք շարունակում ենք հետևողական լինել այս ուղղությամբ։ Ինչպես գիտեք, մենք նույնիսկ հանդես ենք եկել այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համալիր առաջարկներով, ինչպես, օրինակ՝ զորքերի հայելային հետքաշմամբ և միջազգային մոնիթորինգի մեխանիզմի ներդրմամբ սահմանազատման գործընթացի մեկնարկի առաջարկը, որոնք սակայն ադրբեջանական կողմը մերժել է։
Միրզոյանը հիշեցրել է՝ իր ղեկավարած գերատեսչությունը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի Կանոնադրությունը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և Հելսինկյան եզրափակիչ ակտը: