Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ավագանու նիստի ընթացքում հարց ուղղեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին՝ հետաքրքրվելով, թե արդյոք քաղաքապետարանը կապի մե՞ջ է Արցախի գործընկերների հետ, և արդյոք Երևանը պատրաստվո՞ւմ է ինչ-որ կերպ օգնել Արցախին՝ կապված գազատարի վնասման հետևանքով առաջացած հումանիտար խնդրի հետ:
«Այո՛, խնդրի մասին բոլորս տեղյակ ենք, Կառավարությունը նույնպես տեղյակ է: Ես կապի մեջ եմ իմ գործընկերոջ հետ. այս պահի դրությամբ, որպես այդպիսին, աջակցության կարիք չկա, եթե անհրաժեշտություն լինի, իհարկե, մենք բոլորս պատրաստակամ ենք մեր հայրենակիցներին օգնելու, աջակցելու: Այդ հարցը գտնվում է Կառավարության ուշադրության ներքո, ակտիվ զբաղվում են Կառավարության մեր գործընկերները»,- ասաց Երևանի քաղաքապետը:
Ավագանու մեկ այլ անդամ՝ Թեհմինա Վարդանյանն էլ առաջարկեց պարենային օգնությունից մինչև փոքրիկ տաքացուցիչներ կամ հոսանքով աշխատող տեխնիկական միջոցներ տրամադրել Արցախին:
Քաղաքապետը նշեց, որ համայնքը, նաև պետությունը միշտ կանգնած են Արցախի թիկունքին և պատրաստ են աջակցություն ցուցաբերելու:
«Կարող ենք արտահերթ նիստ հրավիրել և համապատասխան ֆինանսական միջոցներ ուղղել, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան իրենց խնդիրները լուծել»,- ասաց Հրաչյա Սարգսյանը:
Հիշեցնենք՝ մինչ այս պահը դեռ վերականգնված չէ Հայաստանից Արցախ գազամատակարարումը։ Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մասնագետներին հասանելիություն ունենալ ենթադրյալ վթարի վայրին՝ գազամատակարարման խափանումը վերացնելու համար: