ՄԻՊ հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Համայնքահենք ծառայությունների մատուցումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համատեքստում. Կարիքներ և հնարավորություններ» խորագրով Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ընդլայնված նիստը:
Հանդիպումը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ և Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ, որին մասնակցել են մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատ փորձագետներ:
Բացման խոսքում պաշտպան Գրիգորյանը, ողջունելով և ծանոթանալով Խորհրդի անդամներին, նշել է, որ որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը լինելու է իր մշտական ուշադրության կենտրոնում և որ հասարակական խորհրդի հետ սերտ համագործակցությունը միանշանակ օգտակար է լինելու թե՛ խնդիրների ճիշտ թիրախավորման և թե՛ առաջնահերթությունների որոշման առումով:
Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Դե Վիթն իր հերթին ողջունելով մասնակիցներին՝ ընդգծել է, որ կարևորում են միջգերատեսչական հաղորդակցության զարգացումը և քաղաքացիակենտրոն ու հաշվետու որոշումների կայացման ինստիտուցիոնալ զարգացումը Հայաստանում: Ջեյմս Դե Վիթը հիմնարար է գնահատել հանդիպման թեման ժողովրդավարության համատեքստում՝ նշելով, որ այն առնչվում է ժողովրդավարության հիմնասյուներից մեկին՝ մարդու իրավունքների պատպանությանը:
Պաշտպան Գրիգորյանն անդրադառնալով հաշմանդամութույն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին Հայաստանում՝ հիշատակել է Պաշտպանի տարեկան հաղորդմամբ և արտահերթ զեկույցներով արձանագրված խնդիրներն ու նշել, որ դրանցից շատերը շարունակում են մնալ չլուծված, սկսած քաղաքականությունների մշակման գործընթացից ու իրազեկումից մինչև միջավայրերի ու ծառայությունների մատչելիության և մատուցվող ծառայությունների հիմքում կարիքի հստակ գնահատման բացակայության խնդիրները: Քրիստիննե Գրիգորյանն առաջարկել է Խորհրդի անդամներին նախանշել գործունեության առաջնահերթությունները և եռամսյակային նիստերի օրակարգում թիրախավորել խնդիրներ ու հաջորդող ժամանակահատվածում մեկտեղել ջանքերը՝ հասնելու նախանշած ուղղություններով լուծումների: Այնուհետև, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մոնիկա Սարգսյանը մասնակիցներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցով և տարեկան հաղորդմամբ արձանագրված այն համակարգային խնդիրները, որոնք արձանագրվել են կարիքահենք և համայնքահենք ծառայությունների մատուցման ոլորտում:
Հատուկ ընդգծվել է արտահերթ զեկույցի մշակման աշխատանքների ներկայացուցչական բնույթը, որին մասնակցել են նաև հասարակական խորհրդի անդամները: Արձանագրված խախտումների համատեքստում Մոնիկա Սարգսյանը անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց խնամող անձանց իրավունքները պաշտպանությանը, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ինտեգրման և զբաղվածության խոչընդոտներին, համայնքային ծառայությունների բացակայությանը կամ դրանց սահմանափակ լինելուն, դրանց մատչելիության և հասանելիության, երեխաների վերականգնողական ծառայությունների, կարիքների գնահատման հետ կապված խնդիրներին:
Հաջորդիվ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում Խորհրդի անդամների և մասնակիցների միջև: