Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա՝ մարտի 20-ի կապակցությամբ, երկու ամիս շարունակ Երևանում և Հայաստանի մարզերում կանցկացվեն շուրջ 700 ֆրանկոֆոն մշակութային, բուհական, գիտական և հանրակրթական միջոցառումներ։
Արդեն ավանդույթ դարձած այս տոնակատարությունն այս տարի ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ Հայաստանը տոնում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն իր լիիրավ անդամակցության 10-ամյա հոբելյանը։
Արտաքին գործերի նախարարության կողմից համակարգվող ֆրանկոֆոն այս մեծ իրադարձության կազմակերպմանն իրենց կարևոր մասնակցությունն են բերել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները, թանգարանները, համալսարանները, հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցները և գրադարանները:
Երկամսյակի հագեցած ծրագրի ապահովման գործում իր զգալի ներգրավվածությունն ունի նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, որը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանում Շվեյցարիայի և Կանադայի դեսպանությունների հետ համագործակցաբար կազմակերպում է մի շարք միջոցառումներ:
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում՝ ապրիլի 21-ին և 22-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի կունենա կանադացի հանրահայտ երգիչ Գառուի համերգը՝ նվիրված Ֆրանկոֆոնիային Հայաստանի անդամակցության 10-ամյակին։
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումների ծրագիրը հասանելի է հետևյալ հղումով՝ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ծրագիր։