Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացած ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ Կառավարության 2022 թ. փետրվարի 28-ի «ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում իրավապահ համակարգի, արդարադատության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարում կատարված աշխատանքները, նշել է, որ 2021 թ. կարևոր ուղղություն է եղել սահմանադրական բարեփոխումների մեկնարկը, որի համար կատարվել են որոշակի աշխատանքներ:
Նախորդ տարում շարունակվել է հակակոռուպցիոն և կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգերի ստեղծմանն ու զարգացմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքների իրականացումը: Նախարարի խոսքով` հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ամբողջականացման նպատակով ստեղծվել է հակակոռուպցիոն կոմիտեն, մեկնարկել է հակակոռուպցիոն դատարանի դատավորների նշանակման գործընթացը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ավելացել է հայտատուների ներկայացրած հայտարարագրերի քանակը: Հաշվետու ժամանակահատվածում այդ ուղղությամբ կատարվել են մեծածավալ աշխատանքներ:
Դատական համակարգում ավելացել է դատավորների թվակազմը, որոշ դատարաններում ավելացել են նաև աշխատավարձերն ու սոցիալական երաշխիքները: