Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան հայտարարել է բանակցությունների վերսկսման մասին: Պատվիրակությունների երեկ ընդհատված հանդիպումը շարունակվում է հեռավար ձևաչափով: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, անդրադառնալով նախօրեին առցանց ձևաչափով տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցություններին, դրական էր գնահատել կողմերի ջանքերը՝ խաղաղ ճանապարհով կարգավորելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ուկրաինական կողմը, սակայն, շարունակում է պնդել՝ ռուսական կողմի որոշ պահանջներ, մասնավորապես տարածքների հետ կապված՝ անընդունելի են։
ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ
Կիևի շրջանում պարետային ժամ է սահմանվել։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում այն գործելու է մարտի 15-ի երեկոյան ժամը 20:00-ից մինչև մարտի 17-ի առավոտյան ժամը 7:00-ը։ Նրա խոսքով՝ քաղաքացիները կարող են լքել իրենց տները միայն ապաստարան հասնելու համար։
Այսօր Խերսոնի շրջանն ամբողջությամբ անցել է Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ։ Այդ մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։ Ավելի վաղ ռուսական կողմի վերահսկողության տակ էին անցել նաև Մելիտոպոլն ու Խերսոնը։
Մարիուպոլի համար մարտերը շարունակվում են։ Այսօր գործարկվել է Մարիուպոլ-Զապորոժիե մարդասիրական միջանցքը. շրջափակման մեջ գտնվող քաղաքը լքել է քաղաքացիներին տարհանող շուրջ 250 մեքենա:
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՕՐԻՆԱԳԻԾԸ՝ ՌԱԴԱՅՈՒՄ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել երկրում ռազմական դրությունը երկարաձգելու մասին օրինագիծը։ Ուկրաինայում ռազմական դրություն է սահմանվել փետրվարի 24-ից։
Նա նաև ստորագրել է Ռուսաստանի հետ ցանկացած տեսակի գործակցության քրեականացման մասին օրենք։
Գերագույն ռադայի փոխնախագահ Ալեքսանդր Կորնիենկոյի խոսքով՝ նոր հոդվածը կարող է տարածվել Ռադայի պատգամավորների վրա, որոնք լքել են Ուկրաինայի տարածքը կամ էլ նախկինում ոչ միանշանակ քաղաքական դիրքորոշում են ունեցել։ «Այս արարքների համար նրանք պետք է դատապարտվեն առավելագույն պատժի՝ 15 տարվա ազատազրկման»,- ընդգծել է պաշտոնյան։
ԵՄ-Ն ԱՆՎԵՐԱՊԱՀ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Լեհաստանի, Չեխիայի և Սլովենիայի վարչապետները այսօր Կիևում կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և վարչապետ Դենիս Շմիգալի հետ։ Այդ մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Միխալ Դվորչիկը։
«Պատվիրակությունը հանդես է գալիս Եվրամիության անունից: Այցի գաղափարը վաղուց կար, սակայն գաղտնի էր պահվում»,- հավելել է նա։
Նշվում է, որ այցի նպատակն է հաստատել Եվրամիության անվերապահ աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու անկախությանը։
ՌԴ-Ն ՉԻ ՓՈԽԱՆՑԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ 33 ՄԼՆ ԵՎՐՈ ԱՆԴԱՄԱՎՃԱՐԸ
Ռուսաստանն այս տարի չի փոխանցել Եվրոպայի խորհրդի՝ 33 մլն եվրո անդամավճարը, քանի որ դուրս է գալիս կազմակերպությունից՝ հայտնել է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը։
«Եվրոպայի խորհրդի կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն՝ պետությունը դուրս է գալիս խորհրդից և, բնականաբար, դադարեցնում գործունեությունը դրա բոլոր կառույցներում, այդ թվում՝ ԵԽԽՎ-ում»,- նշել է պաշտոնյան, հավելել՝ Ռուսաստանը կարող է մնալ իր շահերին պատասխանող կոնվենցիաներում։
Ռուսական կողմը պարզաբանում է՝ նման որոշման պատճառը վեհաժողովի աշխատանքներում վառ արտահայտված հակառուսական կողմնորոշումն է։
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՐԱՆԸ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ
Ռուսաստանը և Իրանն առաջիկայում նոր համաձայնագիր կստորագրեն, որը կամրագրի երկկողմ գործակցության նոր որակը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր իրանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը և Իրանը հանդես են գալիս միջուկային գործարքի հնարավորինս արագ վերականգնման օգտին: Իրանի ԱԳ նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը շեշտել է, որ Ռուսաստանը որևէ խոչընդոտ չի ստեղծում Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցություններում, և դրանք որևէ կերպ պայմանավորված չեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի «լավ» համաձայնություն հասնել իրանական միջուկային գործարքի վերականգնման բանակցություններում:
Անդրադառնալով Ուկրաինային՝ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան գնահատում է իրանական կողմի օբյեկտիվ դիրքորոշումը այդ երկրում ընթացող զարգացումների վերաբերյալ:
ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՀԱԿԱՌԱԿ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆ. ՌՅԱԲԿՈՎ
Ռուսաստանը և ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցում տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ ունեն, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Այն, ինչ տեղի է ունենում այսօր, Վաշինգտոնի վարած քաղաքականության հետևանքն է»,- ընդգծել է նա։
Փոխնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև մի շարք կարևոր թեմաների շուրջ քննարկումները դադարեցվել են հենց Վաշինգտոնի նախաձեռնությամբ։
Նրա խոսքով՝ երկու երկրի դիվանագիտական առաքելությունների գործունեության հարցը դեռևս սառեցված է։
ՀԱՍՏԱՏՎԵՑ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԵՎ ՇԱՔԱՐԱՎԱԶԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՐԳԵԼՔԸ
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել Եվրասիական տնտեսական միության երկրներ հացահատիկի և երրորդ երկրներ շաքարավազի և շաքարեղեգի արտահանման ժամանակավոր արգելքի մասին՝ հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ Հացահատիկի արտահանման սահմանափակումները կվերաբերեն ցորենին, տարեկանին, գարուն և եգիպտացորենին: Հացահատիկի արտահանման սահմանափակումը գործելու է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, իսկ շաքարավազինը՝ մինչև օգոստոսի 31-ը:
Կառավարությունը, սակայն, բացառություններ է սահմանել․ նշված ապրանքները հնարավոր կլինի արտահանել հումանիտար օգնության և միջազգային տարանցիկ փոխադրումների շրջանակում։ Որոշումը միտված է պաշտպանելու ներքին շուկան և կանխելու ԵԱՏՄ երկրներից նշված ապրանքների վերաարտահանումը երրորդ երկրներ: