ԽԵՐՍՈՆԻ ՇՐՋԱՆՆ ԱՆՑԵԼ Է ՌԴ ԶՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ
Խերսոնի շրջանն ամբողջությամբ անցել է Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ՝ հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։ Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի փոխանցմամբ՝ ռուս զինվորականները մեկ օրում խոցել են ուկրաինական 2 ինքնաթիռ, 1 ուղղաթիռ և 13 անօդաչու թռչող սարք, ոչնչացվել է 136 ռազմական օբյեկտ:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն ռադային է ներկայացրել երկրում ռազմական դրությունը երկարացնելու մասին օրինագիծը։ Ուկրաինայում ռազմական դրություն է մտցվել փետրվարի 24-ից։
ՌԴ-ՈՒԿՐԱԻՆԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՎԵՐՍԿՍՎԵՆ ՄԱՐՏԻ 15-ԻՆ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կվերսկսվեն մարտի 15-ին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Անդրադառնալով նախօրեին առցանց ձևաչափով տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցություններին՝ նա նշել է․
«Մեր պատվիրակությունը ռուսական կողմի հետ քննարկումների ընթացքում աշխատում է այս պատերազմը հնարավորինս շուտ դադրեցնելու ուղղությամբ։ Ինձ զեկուցել են՝ բանակցությունները բավականին լավ են անցել, սակայն դեռևս պետք է սպասել»,- նշել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան էլ նշել է, որ Կիևը, ինչպես նախկինում, ձգտում է անվտանգության երաշխիքներ ստանալ։
«Մենք ցանկանում ենք, որ այս իրավիճակը երբեք չկրկնվի»,- նշել է նա։ Ժովկվայի խոսքով՝ Մոսկվայի հետ քննարկումների ընթացքում բարձրաձայնվել են իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ հարցեր։ Պաշտոնյան հավելել է, որ ռուսական կողմի որոշ պահանջներ անընդունելի են՝ մասնավորապես, տարածքային պահանջների հետ կապված։ «Այլ կետերի շուրջ կարելի է քննարկումներ անցկացնել»,- ընդգծել է նա։
Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսի Արեստովիչը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր հնարավոր է ձեռք բերել 1-2 շաբաթվա ընթացքում, ամենաուշը՝ մայիսին։
Ռուս-ուկրաինական բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, իր հերթին, նշել է, որ ռուսական կողմը ձգտում է անել հնարավորը՝ իրագործելու խաղաղության հասնելուն ուղղված Վլադիմիր Պուտինի կողմից առաջադրված խնդիրը։ «Ամեն օր առանց հանգստյան օրերի, տեսակապի միջոցով մենք բանակցում ենք ուկրաինական պատվիրակության հետ»,- հայտնել է նա։
ԱՄՆ-Ը ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ ՈՒԿՐԱԻՆԱ-ՌԴ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին, քանի դեռ Կիևը մասնակցում է դրանց։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Սակին:
«Մենք փորձում ենք աջակցել Ուկրաինային՝ տրամադրելով ոչ միայն տնտեսական և հումանիտար, այլև ռազմական մեծ օգնություն, որը, կարծում ենք, ամրապնդում է Կիևի դիրքերն այդ բանակցություններում»,- ասել է Սակին։
Սպիտակ տան խոսնակը նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության նվազման միտում Վաշինգտոնը չի տեսնում: Սակին վերահաստատել է, որ ԱՄՆ-ն զորք չի ուղարկի Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ կռվելու համար՝ քանի որ «դա չի բխում Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերից»:
Անդրադառնալով էներգակիրների խնդրին՝ Սակին հայտնել է, որ ակնկալվում է, որ երկրում բենզինի գները կշարունակեն աճել մոտ ժամանակներս, և ԱՄՆ իշխանությունները քայլեր են ձեռնարկում իրավիճակը կայունացնելու համար:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ՇՈԼՑ-ԷՐԴՈՂԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Վերջինս նշել է, որ Անկարան կշարունակի ջանքեր գործադրել Ուկրաինայում կայուն հրադադար հաստատելու ուղղությամբ։ Նա հայտնել է, որ պետք է բարեկամական հարաբերություններ պահպանի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի նախագահի հետ։
Շոլցը, անդրադառնալով ռուս-ուկրաինական բանակցություններին, նշել է՝ կարևոր է անել ամեն ինչ, որպեսզի երկխոսությունը կողմերի միջև չընդհատվի։
«Մենք ցանկանում ենք համոզվել, որ Ուկրաինան կարող է պաշտպանել իրեն: Մենք տրամադրում ենք ֆինանսական, հումանիտար օգնություն: Այս առումով ուզում եմ ասել, որ Թուրքիայի կողմից Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը ռազմանավերի համար կարևոր ներդրում է ճգնաժամի դեէսկալացիայի գործում։ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կասկածից վեր են»,- նշել է Շոլցը։
Գերմանիայի կանցլերը հավելել է, որ ԵՄ-ի և Անկարայի միջև մաքսային միության ընդլայնման հարցում կարող է առաջընթաց գրանցվել:
ԵՄ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է ՌԴ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՈՐ ՓԱԹԵԹԸ
Եվրամիության երկրների դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը։
«ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն միջազգային գործընկերների հետ համաձայնեցրել է պատժամիջոցների չորրորդ փաթեթը, որն ուղղված է Ուկրաինայի դեմ ագրեսիայում ներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև տնտեսական հատվածի դեմ»,- ասված է կառույցի հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ համաձայնեցվել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանն ուղղված համատեղ հայտարարությունը՝ Ռուսաստանի հատուկ կարգավիճակի վերանայման մասին և կազմակերպությանը Բելառուսի անդամակցության դեմ։
Եվրամիությունը պատրաստվում է նաև նոր պատժամիջոցներ սահմանել «Ռոսնեֆտ», «Տրանսնեֆտ» և «Գազպրոմնեֆտ» նավթային ընկերությունների դեմ, սակայն կշարունակի նրանցից նավթ գնել։