Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան շարունակում են սպասել ավելի վաղ ներկայացված Եվրամիությանն անդամակցելու հայտի պատասխանին: Երեք երկրների դիմումները ստանալուց հետո Վերսալյան գագաթնաժողովին Եվրամիության անդամ երկրների առաջնորդները կարգադրել էին Եվրոպական հանձնաժողովին ուսումնասիրել հայտերը և եզրակացություն ներկայացնել:
Անա Պիսոներո (Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ) - Եվրամիությունում լավ գիտակցում են Ուկրաինայի, նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդների համար կառույցին անդամակցելու կարևորությունը: Հանձնաժողովն արագ կկատարի համապատասխան աշխատանքները և կարծիք կներկայացնի:
Եվրոպական հանձնաժողովի եզրակացություններն ուսումնասիրելուց հետո Եվրամիության անդամ երկրների առաջնորդները, սովորաբար, որոշում են կայացնում այս կամ այն երկրին դիտորդի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ:
Այս երեք երկրներից նման հարցով Եվրամիությանն առաջինը դիմել էր Ուկրաինան՝ երկրում ռազմական գործողությունների մեկնարկից օրեր հետո: Կիևի օրինակին էին հետևել Թբիլիսին և Քիշնևը:
Իրակլի Ղարիբաշվիլի (Վրաստանի վարչապետ) - Այս դիմումը ևս մեկ կարևոր քայլ է Վրաստանի եվրոպական ինտեգրման ճանապարհին, փուլ, որով մեր պատմության նոր էջ է բացվում, և շարունակվում են ընդհանուր եվրոպական ընտանիքին ընդգրկվելու մեր նախնիների ջանքերը: Վրաստանը եվրոպական պետություն է:
Վրաստանի կառավարության ծրագրի համաձայն՝ երկիրը Եվրամիությունում դիտորդի կարգավիճակ պետք է ստանար 2024 թվականին: Ինչքանով է իրատեսական, որ դա տեղի կունենա հիմա՞: Վրացագետ Ջոնի Մելիքյանը նշում է, որ որոշ երկրներ այդ գործընթացը սկսել էին ավելի վաղ և դեռ սպասում են իրենց հերթին:
Ջոնի Մելիքյան (վրացագետ) - Կան այսօր պետություններ՝ Մակեդոնիա, Սերբիա, Չեռնոգորիա, դրանցից առաջ հաստատ Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան իրականություն դառնա, քանի որ իրենք աշխատանքներ ունեն կատարելու:
Վրաստանն ավելի վաղ պարտավորվել էր մի շարք բարեփոխումներ իրականացնել, օրինակ՝ դատական համակարգում՝ Եվրամիության ստանդարտներին համապատասխանելու համար: Մելիքյանը նշում է, որ այդ մասով Թբիլիսին զգալի առաջընթաց չի գրանցել, որը թույլ կտար հիմա գոնե դիտորդի կարգավիճակ ստանալ: Չնայած դրան, ըստ փորձագետի, վրաց հասարակության զգալի մասն ակնկալում է դրական պատասխան Եվրամիությունից: Ընդ որում, վերջին իրադարձությունների ֆոնին Վրաստանում սկսել են ավելի հստակ բաժանում դնել Եվրամիության և ՆԱՏՕ-ի միջև:
Ջոնի Մելիքյան - Սկեպտիկների մի մասը, որոնք շատ ակտիվ են, խոսում է եվրաինտեգրման մասին, բայց, մյուս կողմից՝ նեյտրալիտետի մասին է խոսում: Իրենք այսօր խոսում են, որ, տեսեք, նույնիսկ Մոլդովան, ցանկություն ունենալով ԵՄ անդամ դառնալ, խոսում է չեզոք դիրքի մասին ռազմական առումով:
Ռազմական առումով չեզոք կարգավիճակ ստանալու անհրաժեշտության մասին բազմիցս հայտարարել է Ռուսաստանը՝ նկատի ունենալով առաջին հերթին Ուկրաինան: Մոսկվայում պնդում են, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չպետք է շարունակի ընդլայնվել դեպի արևելք: