Մեկ տարուց ավելի Սյունիքը ղեկավարած Մելիքսեթ Պողոսյանը մարզպետի պաշտոնը զիջում է Ռոբերտ Ղուկասյանին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նախ շնորհակալություն է հայտնում 2020-ի դեկտեմբերին մարզպետ նշանակված Պողոսյանին, ընդգծում՝ մարզի վերաբերյալ հեռախոսազրույցներ են ունեցել գրեթե ամեն օր:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Այդ փուլում, իսկապես, նման մարդու կարիք կար, և դուք այդ կարիքն ամբողջովին լրացրեցիք, այդ առաքելությունն ամբողջովին տարաք: Սրտացավությունը, որը դուք դրսևորել եք, այն ջանասիրությունը, խնդիրները լուծելու, հարցերը օր առաջ կարգավորելու ցանկությունը շատ բարձր եմ գնահատում և՛ ես, և՛ ձեզ ճանաչող, իմացող շատ մարդիկ:
Մինչև մարզպետ նշանակվելը Ռոբերտ Ղուկասյանը վերջին 1 տարվա ընթացքում էլ եղել է Սյունիքում: Վարչապետի խորհրդականը միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարի պաշտոնում աջակցություն է տրամադրել Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքներին:
Ռոբերտ Ղուկասյան (Սյունիքի մարզպետ) - Պարոն Պողոսյանի հետ միասին մենք բավականին երկար ժամանակ ենք անցել, ծրագրեր ենք իրականացրել, և վստահ եմ՝ մենք շարունակելու ենք նույն ոգով միասին աշխատել:
Նորանշանակ մարզպետը Սյունիքի համայնքների զարգացման վերաբերյալ իր պատկերացումներն ունի, սակայն նշում է՝ առաջին և հրատապ լուծում պահանջողը խմելու ջրի խնդիրն է:
Ռոբերտ Ղուկասյան - Այս պահի դրությամբ՝ շուրջ 10 գյուղական բնակավայր միայն Կապան համայնքում այս փուլում նախագծանախահաշվարկային փուլում են խմելու ջրագծերի անցկացման, բայց 200-ին մոտ ծրագրեր կան, որոնք սկզբնական փուլում են նախագծման:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն էլ թվարկում է ճանապարհաշինության ծրագրերը, հայտնում նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ կրթական ծրագրի մասին:
Գնել Սանոսյան - Հաշվարկներ են արվել՝ Կապանի որ բնակավայրում քանի երեխա կա, շենքային ինչպիսի պայմաններ կան, քանի շենքն է հնարավոր հիմնանորոգել, վերանորոգել, քանիսը այնպիսի վիճակում են, որ ավելի լավ է նոր շենք կառուցել, այդ քանակությամբ երեխաների նորմալ դասապրոցեսի համար քանի շենք է հարկավոր: Եվ այսպես բավական մեծ աշխատանք է արվել մարզպետարանի, համայնքի հետ միասին: Ծրագիրը գնահատվում է 9 մլրդ դրամ, որի շրջանակում մի շարք շենքեր կվերանորոգվեն, նոր շենքեր կկառուցվեն, որոշ դեպքերում այն համայնքներում, որտեղ մեր երեխաների թիվը, ցավոք, քիչ է, մենք նորմալ տրանսպորտով կապահովենք, որպեսզի մեր մանկավարժներին, երեխաներին կարիքի դեպքում տեղափոխեն հարևան համայնք:
Սյունիքի նոր ղեկավարն աշխատանքում կարևորը միասնականությունն է համարում, շեշտելով՝ պատրաստ է գործակցելու բոլոր համայնքների ղեկավարների հետ՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից: Մարզի անվտանգության և պաշտպանության մասին հարցերին չի պատասխանում, վստահեցնում է՝ ուժային կառույցները լավ գիտեն իրենց անելիքը:
Հեղինակ` Նորայր Շողիկյան