«Գյումրի» բժշկական կենտրոնում սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագրով կատարվել է առաջին միջամտությունը, ու փրկվել է հիվանդի կյանքը։ 87-ամյա Սինամ Խաչատրյանը ծրագրի առաջին շահառուն է Շիրակի մարզի Գետք համայնքից։ Նրան նախօրեին Ախուրյանի շտապօգնության կայանի բժիշկները տեղափոխել են «Գյումրի» կենտրոն։ Խաչատրյանին արդեն վիրահատել են, հիմա լավ է։
Սինամ Խաչատրյան (սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագրի շահառու) - Էս թևս թույլ էր, վեր էի հանում՝ ընկնում էր, բժիշկն ասում էր՝ բարձրացրու, թույլ էր, բալա ջան:
Երեկ նույնիսկ քայլել է, շատ լավ խոսում է, սնվում, շուտով դուրս կգրեն։ «Գյումրի» ԲԿ-ն այսուհետ պատրաստ է ընդունելու հիվանդներին և պետական ծրագրի շրջանակներում անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու։ Բուժման երկու մեթոդ է գործում՝ դեղորայքային (թրոմբոլիտիկ թերապիա) և վիրահատական։
Ժորա Բաղդասարյան («Գյումրի» ԲԿ նյարդաբանական և կաթվածի ծառայության ղեկավար) - Ժամանակակից բուժումն է կաթվածի 2019 թ.-ից, այս պետական պատվերի շրջանակներում ծրագիրը Երևանում և մինչև «Գյումրի» կենտրոն՝ Հայաստանում երեք կենտրոն, երեքն՝ էլ Երևանում:
Մայրաքաղաքից հետո Շիրակն առաջին մարզն է, որտեղ գործում է սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիրը: Բացվել է նոր բաժանմունք՝ կաթվածի ծառայություն, որը ղեկավարում է «Էրեբունի» ԲԿ նյարդաբան Ժորա Բաղդասարյանը։
Ժորա Բաղդասարյան - Չորրորդ օրն է, այսօր երկրորդ հիվանդին օգնեցինք, ընթացքի մեջ է, պետք է կատարելագործենք, զարգանա։
«Գյումրի» ԲԿ մասնագետներն այս օրերին նաև վերապատրաստում են անցնում, կաթվածի ծառայության մասնագետները հանդիպում-քննարկում են ունենում նաև շտապօգնության բժշկների հետ, իրականացնում արշավ՝ բարձրացնելու հասարակության իրազեկվածությունը՝ որոնք են իշեմիկ կաթվածի ախտանշանները և երբ դիմել բժշկի։
Ժորա Բաղդասարյանը նշում է տարածված երեք ախտանշան, երբ հիվանդի մոտ կա կողմերից մեկի թմրածություն, կամ երբ հիվանդի մոտ կա դեմքի ծռվածություն, կամ երբ հիվանդի մոտ կան խոսքային շեղումներ, պետք է անմիջապես դիմել բժշկի։ Այդ դեպքում հիվանդին օգնելու հնարավորությունը մեծանում է։ Հավելենք՝ ծրագիրը պետական է, և հիվանդը դրա համար չի վճարում։