ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում խոսեց 2021 թվականի ընթացքում զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության միջոցառումների շրջանակում իրականացված աշխատանքների մասին:
«Բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով պետական ծրագրի 384 մասնակցի հետ կնքվել են որակավորված հիփոթեքային վարկային պայմանագրեր: Ընդհանուր հատկացվել է շուրջ 7.5 մլրդ դրամ հիփոթեքային վարկ: Սա արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման ծրագիր է, որի 10 տոկոսը պետությունը տալիս է որպես կանխավճար, դրանից հետո որոշ չափը սուբսիդավորում, 3-4 տոկոսը զինծառայողներն են վճարում»,- ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ այս առումով ակտիվություն կա, զինծառայողները շարունակում են դիմել:
«340 զինծառայողի 770 մլն դրամի չափով հատկացվել է պետական աջակցություն՝ ձեռք բերված բնակտարածության պայմանագրային գնի կանխավճար տալու միջոցով: 421 շահառուի հատկացվել է պետական աջակցություն իմ նշած սուբսիդավորման տրամաբանությամբ: ՊՆ համակարգից արձակման հիմքերով 9 ծառայողի հատկացվել է պետական աջակցություն հիփոթեքային վարկավորման մայր գումարի չմարած մասի մարման եղանակով»,- հայտնեց Արման Սարգսյանը: