ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը երկրորդ ընթեցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի հերթական նիստում:
Հիմնական զեկուցող Աղվան Վարդանյանի խոսքով՝ առաջին ընթերցումից հետո կազմակերպվել է աշխատանքային քննարկում, որից հետո օրենսդրական փաթեթը լրամշակվել է:
Հեղինակը նշել է, որ ընդունել է Կառավարության ներկայացրած առաջարկները օրենսդրական փաթեթի վերաբերյալ:
Նշենք, որ օրինագծի հիմնական նպատակն ամենատարածված պետական խորհրդանշանի՝ Հայաստանի Հանրապետության դրոշի առավելագույն հանրայնացումը, պետականության հանդեպ ՀՀ քաղաքացիների, հատկապես երեխաների և երիտասարդների մեջ հարգալից վերաբերմունքի ամրապնդումն է: Առաջարկվում է պահանջ ամրագրել, ըստ որի` Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես բարձրացված լինի հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, պետական գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա: