Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետները կապի մեջ են Արցախում գազի խնդրի հարցով՝ Երևանի ավագանու հերթական նիստի մեկնարկին հայտնեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Հրաչյա Սարգսյան (Երևանի քաղաքապետ) - Այս պահի դրությամբ, որպես այդպիսին, աջակցության կարիք չկա, եթե անհրաժեշտություն լինի, իհարկե, մենք բոլորս պատրաստակամ ենք մեր հայրենակիցներին օգնելու, աջակցելու: Այդ հարցը գտնվում է նաև Կառավարության ուշադրության ներքո, ակտիվ զբաղվում են նաև Կառավարության մեր գործընկերները:
2021-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ ԵՆ
Օրակարգի առաջին հարցով ավագանու անդամներին ներկայացվեց մայրաքաղաքի զարգացման 2021 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը: Հիմնական զեկուցողը նշեց՝ նախորդ տարի շարունակվել են փողոցների, մայթերի, բակային տարածքների ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները:
Մերի Հարությունյան (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումների ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար) - Իրականացվել են Երևանի թվով 42 կամուրջների և կամրջային կառույցների պահպանման, շահագործման և ընթացիկ նորոգման, ինչպես նաև Զովունի-Թբիլիսյան խճուղու Կորեայի ձորի հատվածում գտնվող Հրազդան գետի վրայի հին կամրջի հիմնանորոգման և նորի կառուցման աշխատանքներ:
Հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաև մանկապարտեզներում, բուժհաստատություններում և դպրոցներում: Արդիականացվել է մայրաքաղաքի տրանսպորտային ցանցը:
Մերի Հարությունյան - 2021 թ. ընթացքում ձեռք են բերվել թվով 311 միջին և փոքր տեղատարության նոր ավտոբուսներ, որից «Գազել» մակնիշի նոր, փոքր դասի ավտոբուս՝ 100 հատ, «Ժոնգ-Թոնգ» մակնիշի նոր, 8.6 մետրանոց միջին դասի ավտոբուս՝ 211 հատ:
Ավագանու անդամներ Էռնեստ Ավանեսովն ու Իզաբելլա Աբգարյանը դժգոհեցին՝ առավոտյան և երեկոյան ժամերին որոշ նոր ավտոբուսներ գիծ դուրս չեն գալիս:
Էռնեստ Ավանեսով (Երևանի ավագանու անդամ) - Առավոտյան բավականին ուշ-ուշ են գալիս երթուղայինները, օրվա ընթացքում կարող է նորմալ աշխատեն, գուցե, ավելի արագ մեր քաղաքացիներին մոտենան, բայց կանգառներում առավոտյան, հատկապես աշխատանքի, դասի գնալու ժամերին բավականին ուշացումներ են լինում:
Իզաբելա Աբգարյան (Երևանի ավագանու անդամ) - Ես անձամբ և իմ ընտանիքի բոլոր անդամները տրանսպորտից ենք օգտվում երեկոյան և կարող եմ անձնական փորձով ասել, որ չկան, ավտոբուսներն իրոք պակասել են երեկոյան ժամերին:
ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՎԵԼԱՆԱ ԵՐԵՔ ՆՈՐ ԵՐԹՈՒՂԻ
Քաղաքապետը հայտնեց՝ ապրիլի 1-ից ևս երեք նոր երթուղի կավելանա, ինչը որոշ չափով կլուծի խնդիրը: Որպես խնդիր նշեց նաև խցանումները:
Հրաչյա Սարգսյան - Խցանումների պատճառով ավտոբուսների միջև ընկած ժամանակահատվածի մեջ խզում է տեղի ունենում: Հուսով եմ, որ մենք տարվա վերջ նաև Կառավարության աջակցությամբ 12 մետրանոց ավտոբուսներ կկարողանանք ձեռք բերել, և դրանք կլինեն Երևանում, որով մենք հոգսն ավելի կթեթևացնենք:
Ավագանու անդամները հաստատեցին մայրաքաղաքի 2021 թվականի բյուջեի կատարողականը: Քաղաքապետի առաջին տեղակալն էլ թվարկեց 2022-ի ծրագրերը՝ կտեղադրվեն նոր վերելակներ, ձեռք կբերվեն նոր տրոլեյբուսներ, կբարեկարգվեն զբոսայգիներ, կմաքրվի նաև Երևանյան լիճը:
ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐԻ ԱՆՎԱՆ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿՆԵՐ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՇԵՆՔԵՐԻՆ
Ավագանու մեկ այլ որոշմամբ՝ Երևանի մի շարք շենքերի վրա նշանավոր հայերի անվան հուշատախտակներ կփակցվեն:
Էլմիրա Հեքեքյան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Թերեզա Միրզոյան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Ռոլանդ Քելեշյան, ազատամարտիկ, գնդապետ
Բաբկեն Առաքելյան, ակադեմիկոս
Մարտին Թովմասյան, ՀՀ վաստակավոր ճարտարապետ
Վարդան Մուսախանյան, ՀՀ վաստակավոր իրավաբան
Վահան Միրաքյան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
Հրաչյա Սաղաթելյան, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Հրաչյա Աշուղյան, ՀՀ ժողովրդական արտիստ
Տիրան Մարության, ՀԽՍՀ վաստակավոր շինարար
ԱՆԱՆՈՒՆ ՓՈՂՈՑՆԵՐԸ ԿԱՆՎԱՆԱԿՈՉՎԵՆ
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ներկայացրած միջնորդությամբ էլ Երևանի Այգեստան թաղամասի անանուն փողոցներն այսուհետ կկրեն անվանի համալսարանականներ Նիկոլ Աղբալյանի, Մանուկ Աբեղյանի, Գրիգոր Չուբարյանի, Թադևոս Ավդալբեգյանի, Սերգեյ Մերգելյանի, Արմեն Թախտաջյանի, Միքայել Չայլախյանի և Գևորգ Ջահուկյանի անունները:
Այգեստանի 1-ին փողոցը՝ պետական, հասարակական, քաղաքական գործիչ Նիկոլ Աղբալյանի անվամբ
Այգեստանի 2-րդ փողոցը՝ լեզվաբան, գրականագետ Մանուկ Աբեղյանի անվամբ
Այգեստանի 3-րդ փողոցը՝ իրավաբան, հրապարակախոս Գրիգոր Չուբարյանի
անվամբ
Այգեստանի 4-րդ փողոցը՝ տնտեսագետ, պատմաբան Թադևոս Ավդալբեգյանի
անվամբ
Այգեստանի 5-րդ փողոցը՝ մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի անվամբ
Այգեստանի 7-րդ փողոցը՝ բուսաբան Արմեն Թախտաջյանի անվամբ
Այգեստանի 9-րդ փողոցը՝ ֆիտոֆիզիոլոգ Միքայել Չայլախյանի անվամբ
Այգեստանի 11-րդ փողոցը՝ լեզվաբան, հայագետ Գևորգ Ջահուկյանի անվամբ
Երևանի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 19-ին:
Հեղինակ` Նորայր Շողիկյան