Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզի Չքնաղ-Թթուջուր-Ձորագլուխ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (բուք, մերկասառույց), Դիլիջանի ոլորանները, Ջուջևան-Ոսկեպար-Կոթի ավտոճանապարհը և Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող հատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Սյունիքի մարզի «Մեղրու սար» և «Զանգեր» կոչվող հատվածները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար անցանելի՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում։
Գեղարքունիքի մարզի, Արագածոտնի մարզի Թալինի, Արագածի, Ապարանի տարածաշրջանների, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Երևան, Վանաձոր-Գյումրի, Վանաձոր-Ստեփանավան, Շիրակի մարզի Ամասիա-Գյումրի, Ամասիա-Ցողամարգ, Ամասիա-Բերդաշեն, Թավշուտ-Արդենիս, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր», Գորիս-Տաթև ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի, Թալինի տարածաշրջանների և Շիրակի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հանրապետության ողջ տարածքում (բացառությամբ Արարատի, Արմավիրի, Տավուշի, Շիրակի և Կոտայքի մարզերի) տեղում է ձյուն:
Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։