«Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» երաժշտական ներկայացման պրեմիերայով «Հովեր» պետական կամերային երգչախումբը նշում է հիմնադրման 30-ամյակը: Երաժշտական ներկայացման ղեկավարը Սոնա Հովհաննիսյանն է, կոմպոզիտորը՝ Վաչե Շարաֆյանը: Ներկայացման ռեժիսորը՝ Նարինե Մալյանը:
Անուշ Քոչարյան (նախագծի ղեկավար) - Մտահղացումը եղել է դաշնակահար Արմեն Բաբախանյանինը և կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանինը, և այնուհետև կիսվել են մտահղացումով Սոնա Հովհաննիսյանի հետ, հետո միացել է Նարինե Մալյանը, և էդպես շարունակական ստեղծվելով տարբեր թիմեր, որոնք հասցրել են այսօրվան՝ 2 տարի անց ներկայացնելու վերջնարդյունքը:
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող նախագիծը «Հովեր 30-ամյակի» գլխավոր նվերն է հանդիսատեսին:
Արա Խզմալյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Դժվար է գերագնահատել այն դերը, որ «Հովեր» երգչախումբն ունեցել է հայ երգչախմբային արվեստի զարգացման, մեր հոգևոր արժեքների, երգչախմբային լավագույն նմուշների միջազգայնացման գործում, և, իսկապես, երբ խոսում ենք «Հովեր» երգչախմբի մասին, մենք խոսում ենք բարձր գեղարվեստական չափանիշի, անզիջում մասնագիտական պահանջների մասին:
Ստեղծագործությունը, որը բաղկացած է 8 մասից, ներառում է հայ և արտասահմանյան դասական ու ժամանակակից գրողների աշխատանքներ: Երաժշտության, թատրոնի, կինոյի սինթեզ՝ երաժշտական ներկայացումը հենց այսպես են մեկնաբանում հեղինակները:
Վաչե Շարաֆյան (կոմպոզիտոր) - «Զարմանալի պարզ ու հասարակ բաներ»՝ սա մի քաղվածք է Հովհաննես Գրիգորյանի «Ապրելու մեկ օր» բանաստեղծությունից: Այն դարձավ բնաբան ամբողջ ստեղծագործության համար, որը շատ ծավալուն է, բազմամաս է, նույնիսկ բազմիմաստ է և պարունակում է ամենապարզ ու հասարակ բաները, որ առօրյայում չեն նկատվում:
Մարդկային փոխհարաբերություններն են ներկայացված՝ ասում է կոմպոզիտորը, կոնցերտային ժանրի ստեղծագործություն, որում ընդգծվում է մենակատարի և երգչախմբի միջև սերտ կապը, ինչը նույնպես կյանքի մի մասն է:
Վաչե Շարաֆյան - Կարծում եմ՝ շատերը կբացահայտեն նույնիսկ այն, ինչը գուցե մենք նկատի էլ չենք ունեցել, մենք էլ չենք նկատել, որովհետև երաժշտությունը հենց այդպես էլ լինում է:
Համերգին ներկա են քաղաքական, հասարակական և մշակութային ոլորտների ներկայացուցիչներ: Երաժշտական ներկայացման ավարտին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով է պարգևատրում «Հովեր» երգչախմբի հիմնադիր և դիրիժոր Սոնա Հովհաննիսյանին:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան