Ռուսական Wildberries-ում ծրագրային խափանումներ կան: Խնդիրը մասշտաբային է, դրան առնչվել են ոչ միայն Ռուսաստանում, այլև Հայաստանում: Օնլայն պատվերներ արած քաղաքացիները հավելվածում չեն տեսնում, թե պատվերն ինչ փուլում է, ապրանքն ուր է հասել:
Թե ինչ ժամկետում կկարգավորվի խնդիրը՝ պարզ չէ: Ընկերությունը Հայաստանի ամբողջ տարածքում ավելի քան 500 մասնաճյուղ ունի, առանձին վերահսկող գրասենյակ ու պատասխանատու՝ ոչ: Յուրաքանչյուր խանութի անհատ ձեռներեց ինքն է տնօրինում իր Wildberries-ը: Այցելեցինք մի քանի մասնաճյուղ: Աշխատողները չցանկացան տեսախցիկի առջև խոսել, պատճառաբանեցին՝ տեղյակ չեն՝ ե՛րբ կկարգավորվի խնդիրը: Վարդանը 30 հազար դրամ է վճարել, նարգիլե պատվիրել:
Վարդան Արմենյան - Հիմա ոչինչ չի նշում: Երեկվա դրությամբ ցույց էր տալիս, որ ամսի 19-21-ը պիտի հասնի, ամսի 12-ին ա եղել պատվերը: Մտածում էի՝ կոնկրետ իմ մոտ ա էդ խնդիրը, չգիտեի, որ բոլորի մոտ ա էդ խնդիրը, բայց որ իմացա բոլորի մոտ ա, արդեն մի քիչ հանգստացա:
Ընկերությունը խնդրի վերաբերյալ հայտարարություն է տարածել.
Wildberries - Այս պահին Wildberries-ի ծառայությունների շահագործման մեջ կան սխալներ, աշխատանքներ են տարվում դրանք վերացնելու ուղղությամբ: Հայցում ենք ձեր ներողամտությունը: Առաջիկայում խնդիրը կկարգավորվի:
Միջազգային լարված իրավիճակով պայմանավորված՝ 70 տոկոսով նվազել է ռուսական խանութներից հայկական «Գլոբբինգով» օնլայն պատվերների քանակը: Պատճառը քարտային համակարգն է: Քանի որ «Վիզան» ու «Մաստերքարտը» արգելափակվել են Ռուսաստանի համար, դա է պատճառը, որ Հայաստանից նույնպես հնարավոր չէ գնումներ կատարել: Ռուսաստանից օնլայն գնումների միակ հնարավորությունն այս պահին Ռուսաստանում թողարկված «Միր» քարտերն են: Ռուբլու արժեզրկման և դոլարի արժևորման պատճառով փոխվել են նաև բեռնափոխադրումների սակագները:
Դավիթ Հարությունյան (Globbing ընկերության հիմնադիր տնօրեն) - Մեզ վրա ամենամեծ ազդեցությունը եղան սակագները, որը մեր համար բարձրացրեցին արտասահմանյան գործընկերները: Օրինակ՝ անցյալ տարվա նույն շրջանի համեմատ Ամերիկայում մի ուղղությունը 40-ից ավել տոկոսով թանկացել ա՝ հիմնականում պայմանավորված Ամերիկայում նավթի գներով:
Միջազգային բեռնափոխադրումների ծառայությունների գնային քաղաքականության փոփոխությամբ պայմանավորված՝ «Գլոբբինգը», որը Հայաստան է տեղափոխում 8 խոշոր երկրից օնլայն պատվերներ, շաբաթ օրվանից 20 տոկոսով բարձրացրել է առաքման սակագները՝ մեկ կիլոգրամի արժեքը 5000 դրամի փոխարեն սահմանելով 6000 դրամ:
Դավիթ Հարությունյան - 20 տոկոսի տատանումը 1000 դրամ ա, իսկ միջին պատվերը 800 գրամ ա, այսինքն՝ եթե մարդը 60 դոլարով առնում էր մի զույգ կոշիկ, այսուհետև դա կնստի 62 դոլար, բեռնափոխադրումն ընդամենը էդքանով կազդի: