Թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը, որոնք Ուկրաինայի զինված ուժերը կիրառում են ռուսական ռազմական օբյեկտների ոչնչացման համար, ամենայն հավանականությամբ, կառավարվում են թուրքական անձնակազմի կողմից, որին Կիև է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Այդ մասին գրել է Nordic Monitor-ը:
Ցանցը ներկայացրել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի հրապարակած տեսանյութը, որում լսվում է թուրքերեն խոսակցություն: Ըստ Nordic Monitor-ի՝ դա թուրք օպերատորների խոսակցությունն է, որոնք բազային կայանից զինված անօդաչու սարք են ուղարկել՝ հարվածելու ռուսական հրետանու կրակի կառավարման ենթադրյալ կետին:
Նշվում է, որ եթե տեսանյութն ու ձայնն իսկական են, ապա դա կարող է լինել առաջին ապացույցը, որը կհաստատի Թուրքիայի ուղղակի մասնակցությունը ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին: