Ռուսաստանն ու Իրանը հետաքրքրություն են հայտնել մոտ ժամանակներս երկկողմ հարաբերությունների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու, որը կամրագրի գործակցության նոր որակը: Այս մասին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա հայտնել է, որ ընդունել է Իրան այցելելու իր գործընկերոջ հրավերը, իսկ այցի ժամկետները, Լավրովի խոսքով, կհամաձայնեցվեն մոտ ժամանակներս:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը և Իրանը հանդես են գալիս միջուկային գործարքի հնարավորինս արագ վերականգնման օգտին: Լավրովը նշել է, որ Մոսկվան Վաշինգտոնից գրավոր երաշխիքներ է ստացել այն մասին, որ պատժամիջոցները չեն ազդի Իրանի հետ համագործակցության վրա:
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շեշտել է, որ Ռուսաստանը որևէ խոչընդոտ չի ստեղծում Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցություններում, և դրանք որևէ կերպ պայմանավորված չեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի «լավ» համաձայնության հասնել իրանական միջուկային գործարքի վերականգնման բանակցություններում:
Անդրադառնալով Ուկրաինային՝ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան գնահատում է իրանական կողմի օբյեկտիվ դիրքորոշումը այդ երկրում ընթացող զարգացումների վերաբերյալ: