ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանին պատգամավորներից մեկը հարց ուղղեց պատերազմի վերսկսման ու համացանցում տարբեր անձանց կողմից տարածվող խուճապ առաջացնող տեղեկությունների մասին:
«Նշված անձանց հետ մենք պարբերաբար զրույցներ ենք ունենում: Շատ դեպքերում լինում են պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց հետ զրուցում ենք ու նշում խուճապ տարածող տեղեկությունների տարածման անթույլատրելիությունը, սակայն իրավական առումով այդտեղ հետևանքներ չկան: Եթե ուղղորդված է լինում՝ ուրիշ թեմա է, եթե ուղղորդված չէ՝ մարդն իր անհանգստությունն է հայտնում, դա ուրիշ մոտեցում է: Կարծում եմ՝ պետք է իրավական լուծումներ տանք այդ հարցերին, որպեսզի կարողանանք պրոֆիլակտիկ միջամտություններից բացի նաև կիրառել պատժիչ միջոցառումներ՝ հետագա անպատասխանատու հայտարարությունների տարափը դադարեցնելու համար»,- ասաց Հարությունյանը:
Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում Հարությունյանը նշեց, որ պատերազմի վերսկսման մասին տեղեկությունները հիմնավոր չեն:
«Պատերազմը միշտ հնարավոր է, բայց կոնկրետ այս պահին չունենք տեղեկություն, որ մոտ ժամանակներս պետք է պատերազմ սկսվի»,- ասաց նա: