Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների առաջխաղացման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
«Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր։ Ոչ մի առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող»,- հայտնեցին ՀՀ ՊՆ-ից:
Գերատեսչությունից ընդգծեցին՝ ինչպես սահմանի այդ, այնպես էլ մնացած բոլոր հատվածներում ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում են իրենց առջև դրված խնդիրները:
«Հորդորում ենք սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություն տարածելիս առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ»,- հայտնեցին նախարարությունից: