ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 15-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին, Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենսին, Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին և Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:
Ողջունելով հյուրերին՝ Արման Եղոյանը կարևորել է Նորդիկ-Բալթիկ երկրների հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցեր:
Հանձնաժողովի նախագահը, մասնավորապես, ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային մարտահրավերները: Արման Եղոյանը բարձրաձայնել է Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ ադրբեջանական կողմի սադրանքների, ինչպես նաև կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում ստեղծված արհեստական խոչնդոտների մասին և այդ հարցում կարևորել միջազգային հանրության պատշաճ արձագանքը:
Անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Արման Եղոյանն արժևորել է մի շարք ոլորտներում գործընկեր երկրների հարուստ փորձի կիրառումը Հայաստանում: Հյուրերն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու հարցում:
Կողմերը կարևորել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը: