Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի 2022 թվականի առաջին նիստը, որին մարզային իշխանության ներկայացուցիչներից ու համայնքների ղեկավարներից բացի, մասնակցել են նաև համայնքների ավագանիների խմբակցությունների ղեկավարները:
«Օրակարգային առաջին հարցը համայնքների միավորումից հետո տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորմանը, աշխատակազմերի և ընթացիկ աշխատանքների կազմակերպմանն էր վերաբերում։ Այստեղ կարևորում եմ ինչպես մարզպետարան-համայնքներ համագործակցությունը, այնպես էլ նոր ձևավորված համայնքներում բոլոր գործընթացների իրավաչափությունն ու ժամանակին իրականացումը, պակաս կարևոր չէ նաև ավագանու աշխատանքը։
Օրակարգային հարցերից մեկն էլ գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին և առաջիկա ծրագրերին էր առնչվում։ Հենց պետական ծրագրերի հանրայնացումն ու դրանց իրականացումն եմ կարևորում, որի մասին խոսեցի նաև մարզխորհրդի նիստի ժամանակ։ 15-ից ավելի պետական աջակցության ծրագրեր ունենք, և դիմելիությունը ցածր է, այստեղ խնդիր է առաջանում՝ կա՛մ բովանդակային թերացում կա, կա՛մ քաղաքացիները տեղեկացված չեն։
Ես բովանդակային առումով մինչ այժմ որևէ վերապահում չեմ տեսել, այնպես որ, հորդորեցի ոլորտային պատասխանատուներին, համայնքների, ավագանու խմբակցությունների ղեկավարներին ներգրավվել այս աշխատանքներում, անել հնարավորը առավել մեծ ընդգրկվածություն ունենալու համար։
2022-ին համայնքների կողմից տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի 44 ծրագրային հայտ է ներկայացվել։ Ծրագրերի ընդհանուր արժեքը 7 մլրդ 229 մլն դրամ է, որից պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում 3 մլրդ 871 մլն դրամ (53․6%), համայնքի բյուջեի ֆոնդային մասը՝ 3 մլրդ 118 մլն դրամ (43․1%) և այլ ներդրողներ՝ 240 մլն դրամ (3.3%)։
Կրկին ընդգծում եմ, որ յուրաքանչյուր ծրագիր պետք է ներկայացվի՝ հաշվի առնելով համայնքների իրական կարիքները, բխի համայնքների շահերից ու տանի խնդիրների լուծմանը, քանի որ պետությունն ամեն ինչ անում է համայնքներին աջակցելու, նրանց հզորացնելու համար։
Մարզի խորհրդի նիստի ժամանակ քննարկվել են նաև համայնքային և պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործմանը, վարձակալական վճարների հավաքագրմանը, հողերի օտարմանը վերաբերող հարցեր»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Շիրակի մարզպետը: