Ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ, հրթիռահրետանային, հակատանկային միջոցներ, զրահապահ մեքենաներ` սա 2021-ի բանակի համալրման մի մասն է: Խորհրդարան եկած պաշտպանության փոխնախարարը ձեռք բերված սպառազինության քանակը չնշեց, փոխարենը մանրամասնեց սահմանային հենակետերի կահավորման հարցերը: Որ բնագծերում հերթապահություն իրականացնող զինվորականներն առանց անհրաժեշտ պայմանների չմնան, արագ լուծման տարբերակ է գտնվել՝ մոդուլային տնակներ են տեղադրվել՝ զեկուցեց Սարգսյանը:
Արման Սարգսյան (ՀՀ պաշտպանության փոխնախարար) - 2021-ին մոդուլային տնակներով կահավորվել է շուրջ 6 տասնյակի հասնող հենակետ, մի քանի տասնյակն էլ շարունակվում է, հաշվի առելով, որ ունենք նոր բնագծեր:
ԱՆԴՐԱԴԱՐՁ ԶՈՒ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ
Իսկ Վայոց ձորի Ջերմուկ, Սյունիքի Ծավ, Վարդավանք, Քարաշեն ու Վաղատուր համայնքներում այժմ կառուցապատվում են մշտական տեղակայման վայրերը՝ նշեց փոխնախարարը: Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնելով 2021-ի ծրագրի արդյունքները՝ Սարգսյանն անդրադարձավ նաև զինված ուժերի բարեփոխումների նոր հայեցակարգին: Ընդդիմադիր հանձնաժողովականներից Գեղամ Մանուկյանը դրա բովանդակության հետ կապված հարց ուներ:
Գեղամ Մանուկյան (ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձաժողովի անդամ) - Գրված է, որ այս հայեցակարգը վերափոխելու է զինված ուժերը ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու նպատակով: Մեր ԶՈՒ-ն երբևէ ագրեսիայի նպատա՞կ է ունեցել, թե՞ ուղղակի սարքում ենք անատամ ԶՈՒ, որ նույնիսկ պաշտպանությունից հակահարձակման երբևէ ի վիճակի չլինի անցնել:
Արման Սարգսյան - Մեր նպատակը անատամ բանակ ունենալը չէ, այլ ուղղակի ֆիքսելն է, որ ԶՈՒ-ն չի ստեղծվելու ագրեսիայի նպատակով, իսկ ձեր ասած պաշտպանությունը իր մեջ ներառում է նաև հակահարձակում, բայց պետք է ամրագրենք, որ նպատակը պատերազմ հրահրելը չէ, ագրեսիա դրսևորելը չէ իր հարևանների նկատմամբ:
ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԵՐԿԱՄՍՅԱ ԵՎ ԵՌԱՄՍՅԱ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ
Հայկ Սարգսյանն էլ զորահավաքներից հետաքրքրվեց: Փոխնախարարը տեղեկացրեց՝ առաջիկայում երկամսյա ու եռամսյա վարժական հավաքներ են անցկացվելու, որոնց ընթացքում նաև մարտական հերթապահություն է նախատեսված:
Ինչ վերաբերում է դրանցից խուսափողներին ու պարտաճանաչ մասնակիցների արդարացի դժգոհությանը՝ պատգամավորի այս դիտարկմանը փոխնախարարն արձագանքեց:
Արման Սարգսյան - Ձեր նշած խնդիրները կան, որ կողմնակալ վերաբերմունք է ընկալվում, մեկին տանում են, մյուսին՝ չէ: Այս զորահավաքային գործընթացը կատարյալ չէ, իջեցվել է հանձնարարական, ու առկա է ծրագիր, որ կթվայնացվի ամբողջ պրոցեսը, սուբյեկտիվ մոտեցումները կբացառվեն, ու կկանոնակարգվեն այս կարգի խնդիրները;
ՍՅՈՒՆԻՔԻ ՈՒԹ ԳՅՈՒՂՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՈՒՂԵԿԱԼՆԵՐ
2021-ի զեկույցով նաև ԱԱԾ-ից էին եկել խորհրդարան: Հարավարևելյան սահմանի պահպանության ամրապնդման նպատակով Սյունիքի 8 գյուղում մեկնարկել է սահմանապահ զորքերի ուղեկալների կառուցումը՝ տեղեկացրեց իրավապահ կառույցի ղեկավարի տեղակալը: Աշխատանքների 50 տոկոսն արված է, մյուս 50-ն էլ այս տարի կավարտվի՝ մանրամասնեց Հարությունյանը:
Տիգրան Հարությունյան (ՀՀ ԱԱԾ տնօրեն տեղակալ) - Սահմանային ստորաբաժանումները համալրվել են անօդաչու թռչող սարքերով, համակարգչային տեխնիկայով, ավտոտեխնիկայով:
Ճակատենից մինչև Որոտան, Որոտանից էլ Կոռնիձոր՝ ընդհանուր 166 կմ հատվածը հենց ԱԱԾ սահմանապահներն են հսկում: Որ նոր պայմաններում ծառայությունը գրավիչ լինի, քննարկվում է նաև այդ օղակում աշխատավարձերի բարձրացման հարցը՝ Տիգրան Աբրահամյանի հարցին արձագանքելով տեղեկացրեց ԱԱԾ փոխտնօրենը: Հարությունյանը նաև 2020-22 թվականներին իրենց վարույթում քննվող գործերից խոսեց՝ պետական դավաճանության ու լրտեսության 9 գործ է հարուցվել՝ ընդհանուր 42 մեղադրյալով, դրանցից 3-ն այս պահին արդեն դատարանում են:
ԱԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է 2021-ԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ
2021-ի ԱԻՆ աշխատանքներն էլ նախարար Փիլոյանը ներկայացրեց. անցած տարի փրկարար ծառայությունը 12 ԱԹՍ-ով է համալրվել, 4-ը նախատեսված են հատուկ նշանակության աշխատանքների իրականացման համար, 1 միավորը՝ մինչև 150 մ խորության պայմաններում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ջրային դրոնով՝ նշեց ոլորտի ղեկավարը: Ըստ նրա՝ 2021-ին մարզերում և Երևանում տեղադրվել է 203 նոր էլեկտրաշչակ, նորոգվել են 224-ը:
Անդրանիկ Փիլոյան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար) - 2021-ի տվյալներով՝ 1003 էլեկտրաշչակներից 961-ը գտնվում են սարքին վիճակում: Մինչև 2021-ը սարքին էլեկտրաշչակների քանակը եղել է 485, մոտավորապես 50 տոկոսով մենք թիվն ավելացրել ենք: Ընդհանուր առմամբ, որպեսզի ամբողջովին հանրապետության տարածքում կարողանանք բնակչությանն ազդարարենք, անհրաժեշտ է 1544 էլեկտրաշչակ:
Նախարարի խոսքով՝ նախորդ տարի հրշեջ ավտոմեքենաներ են հատկացվել Սյունիքի Շուռնուխ, Շիկահող և Կոռնիձոր համայնքներին: Օրակարգային է նաև շենք-շինություններում պաշտպանական հատվածների ապահովման հարցը: Ըստ նախարարի՝ ցանկացած նոր կառույցի նկուղային հարկը պետք է հարմարեցված լինի այս նպատակին: Սահմանամերձ դարձած մարզերում քաղպաշտպանության ի՞նչ ծրագրեր են իրականացվում՝ հետաքրքրվեցին պատգամավորները: Փիլոյանը մանրամասնեց.
Անդրանիկ Փիլոյան - Քաղպաշտպանության հենակետեր Վայոց ձորում ու Սյունիքում, ևս 18-ը պետք է ունենանք Շիկահողում, սկսվել է շինարարությունը, հաջորդը կլինի Շուռնուխում:
ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿՆԵՐԴՐՎԻ ՆԱԵՎ ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ
Քննարկման մի մասը փակ անցավ, հաջորդը ոստիկանության հերթն էր: 2021-ին մայրաքաղաքում պարեկային ծառայությունը գործարկվեց, այս տարի այն նաև Լոռիում ու Շիրակում կներդրվի՝ զեկուցեց փոխոստիկանապետը: Ըստ Ֆիդանյանի՝ մարզային անձնակազմին պատրաստելու դասերը նոյեմբերից ընթանում են:
Արա Ֆիդանյան (ՀՀ ոստիկանության պետի տեղակալ) - Նման ծառայություններ կգործարկվեն նաև Կոտայքում, Գեղարքունիքում և Արագածոտնում:
Այդ չորս մարզում պարեկային ծառայությունում ընդգրկվելու համար դիմումներն ընդունվում էին փետրվարից, վերջնաժամկետը ապրիլի 15-ն է: