ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում քննարկվել է ՀՀ Կառավարության 2022 թ. փետրվարի 28-ի «ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» հավանության արժանացած զեկույցը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեղեկացրել է, որ 4 փուլով կազմակերպվել է «Քայլ դեպի տուն» ծրագիրը, որին մասնակցել են 24 երկրից ժամանած շուրջ 400 սփյուռքահայ պատանիներ ու երիտասարդներ:
2021 թ. «իԳործ» ծրագրի շրջանակում ՀՀ պետական կառավարման համակարգում ներգրավվել են 87 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ, որոնց 70 տոկոսը հայրենադարձվել է: «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակում 20 երկրից Հայաստան է ժամանել 16 մասնագետ:
Հայաստան-սփյուռք իրազեկման ապահովման ծրագրով հանձնակատարի գրասենյակն իրականացրել է ակտիվ մեդիագործունեություն: Պատրաստվել են 30 եռալեզու տեսանյութ, 32 օրագրի շարք, 3 վավերագրական ֆիլմ:
Զարեհ Սինանյանը ներկայացրել է հայրենադարձությանը միտված միջոցառումներն ու նախաձեռնությունները, սփյուռքի հայկական կառույցների հետ աշխատանքը: Նշվել է, որ հայրենադարձվել է 3000-ից ավելի քաղաքացի: Իրականացվել է լիբանանահայության զբաղվածության աջակցության ծրագիրը, որին մասնակցել են շուրջ 600 լիբանանահայ և 30 ընկերություն:
Անդրադարձ է եղել սփյուռքահայ գործարարների համար բարենպաստ բիզնես-միջավայրի ապահովմանն ուղղված քայլերին, պետական կառավարման համակարգում Սփյուռքի կարողությունների ներգրավման արդյունավետությանը, հայրենադարձության խթանմանը միտված աշխատանքներին: