Զինված ուժերի 2022-2024 թվականների կարիքների ապահովման նպատակով ռազմարդյունաբերության ոլորտի կազմակերպությունների հետ կնքվել են հակաօդային պաշտպանության, հրթիռահրետանային կապի և այլ միջոցների ձեռքբերման, նորոգման, տեխնիկական սպասարկման պայմանագրեր:
Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
«Ռազմական նշանակության օբյեկտների և ենթակառուցվածքների անվտանգության ապահովման, պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած նոր բնագծերն ուսումնասիրելու, մարտական դիրքերը կահավորելու, զինծառայողներին ժամանակավոր կացարաններով և դրանք ջեռուցմամբ ապահովելու, զորամասերի նոր մշտական տեղակայման վայրերի ընտրության, հրատապ լուծում պահանջող շինարարական աշխատանքների հնարավորությունները հստակեցնելու նպատակով իրականացվել են ուսումնասիրություններ նոր բնագծերում և մշտական տեղակայման վայրերում»,- ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ պլանավորվել և ներկա պահին իրականացվում են թեթև մետաղական կարկասով մոդուլային տնակների և զորամասերի մշտական տեղակայման վայրերի կահավորման և անձնակազմերի կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման աշխատանքներ:
«Մարտական հենակետերում պաշտպանության նախարարության և շինարարական կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա 2021 թվականին թեթև մետաղական կարկասով մոդուլային տնակներով կահավորվել է 6 տասնյակի հասնող հենակետ, ընթանում են ևս մի քանի տասնյակի հասնող հենակետերի կահավորման աշխատանքներ: Գործընթացը կրելու է շարունակական բնույթ՝ հաշվի առնելով, որ ունենք նոր բնագծեր»,- ասաց փոխնախարարը: