ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է ՀՀ Կառավարության 2022 թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» հավանության արժանացած զեկույցը:
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացված աշխատանքների կատարման ընթացքը և արդյունքները ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Նա նշել է, որ հանրակրթության ոլորտում մեկնարկել է «300 դպրոց 500 մանկապարտեզ» խորագրով կապիտալ բնույթի մեծածավալ ծրագիրը: Ըստ նախարարի՝ այս պահի դրությամբ իրականացված աշխատանքները համահունչ են այն ծավալին, որը Կառավարությունը պարտավորվել է իրագործել մինչև 2026 թվականը: Վահրամ Դումանյանի խոսքով՝ գործարկվել է ուսուցիչների մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված նոր՝ կամավոր ատեստավորման ծրագիրը, որի արդյունքում մասնակիցները կստանան 30-50% հավելավճար:
Նախարարը վստահեցրել է, որ ծրագիրը կլինի շարունակական և կկատարելագործվի: Հաջորդ ծրագիրը, որին անդրադարձել է Վահրամ Դումանյանը, 2021 թ. մեկնարկած կրթական ծառայությունների տեղորոշման և հասանելի որակյալ կրթության ապահովման նոր մոդելի նախագծումն է Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերի համար, որն իր բնույթով կրթական ծառայությունների կազմակերպման և որակի ապահովման ամբողջությամբ նոր մոտեցում է։
Անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտին՝ նախարարը նշել է, որ 2021 թ. պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել 44-օրյա պատերազմի մասնակիցներին: Նախարարն անդրադարձել է նաև բուհերում հոգաբարձուների խորհուրդների և ռեկտորների ընտրության գործընթացին, ինչպես նաև կրթության որակի ապահովման հարցերին:
Վահրամ Դումանյանը նշել է, որ գիտության ոլորտի հատկացումներն ավելացել են 83 տոկոսով, որը կարելի է համարել հեղափոխական: «Նման շեշտակի վերաբերմունքի փոփոխություն գիտության ոլորտի նկատմամբ երբեք չի եղել, սակայն ֆինանսավորման մեծացման պարագայում ակնկալվում է նաև համապատասխան արդյունքի ստացում»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ կբարձրանա նաև գիտաշխատողների աշխատավարձը:
Վահրամ Դումանյանը փաստել է, որ շեշտակի փոխվել է նաև վերաբերմունքը մարզաշխարհի ներկայացուցիչների նկատմամբ. սահմանվել են մարզիկների և մարզիչների անվանական թոշակներ: Մշակույթի ոլորտում, ըստ նախարարի, կրթական հաստատություններում իրականացվել են բազմաթիվ կրթամշակութային ծրագրեր, օրինակ՝ «Դասարան+Դասական», «Քո արվեստը դպրոցում», «Դպրոցականի ֆիլհարմոնիա», «Զարդագիր», «Բաժանորդային համակարգի ծրագիր», «Քույր-դպրոցներ», «Մեկնարկ» և այլն, որոնք կլինեն շարունակական: Մշակույթի ոլորտում իրականացվել են կապիտալ ներդրումներ: Մասնավորապես, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնին հատկացվել է շուրջ 168 մլն դրամ՝ նորակառույց շենքի գույքի և նյութատեխնիկական բազայի ձեռքբերման նպատակով, որը կկրի շարունակական բնույթ: Նախարարը վստահեցրել է, որ մյուս հաստատություններում առկա բոլոր խնդիրները ևս կլուծվեն՝ ի շահ մշակույթի զարգացման:
Վահրամ Դումանյանի խոսքով՝ երիտասարդության ոլորտում պետությունը աջակցություն է ցուցաբերել 5 մարզային կենտրոնների. այս տարի կավելանան ևս 2-ը: «Մենք պետք է աջակցենք նմանատիպ կենտրոններին, որպեսզի մարզերում միջավայր փոխվի, քանի որ հատկապես սահմանամերձ համայնքներում ունենք երիտասարդների ժամանցի և զբաղվածության հետ կապված լրջագույն խնդիրներ»,- ընդգծել է նախարարը:
Վահրամ Դումանյանի զեկույցից հետո պատգամավորները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանին և Արա Խզմալյանին, ինչպես նաև Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին:
Հարցերը հիմնականում վերաբերել են կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման, մշակույթի ոլորտի աշխատակիցների վարձատրության, հուշարձանների պահպանության, բուհերում լաբորատոր սարքավորումների, մանկապարտեզների վերանորոգման, դրանցում երեխաների ընդգրկվածության և այլ խնդիրների: