Այսօրվանից հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը:
Մարտի 15-ից ուժի մեջ է մտնում ««Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ը) ենթակետով նախատեսված դրույթը:
Օրենքով սահմանված սահմանափակման արգելքը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝
պաշտոնատար անձի նկատմամբ՝ 150000-200000 ՀՀ դրամ.
ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50000 ՀՀ դրամ:
Սույն դրույթի վերահսկողությունն իրականացվում է ՀՀ ոստիկանության կողմից:
Հիշեցնենք, որ օրենքի նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը` որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելը: