Օպտիմալացման արդյունքում Հայաստանում կա 10 քրեակատարողական հիմնարկ: «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներն այլևս չեն գործում: Այս մասին այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:
«Սա միլիարդավոր դրամների խնայողություն է պետության համար, նաև կառավարչական ու կազմակերպչական շատ լուրջ աշխատանքների հնարավորություն է տալիս կրճատումը: Մենք քրեակատարողական հիմնարկ ենք ունեցել 66 անձի համար, իսկ աշխատում էր 167 աշխատակից: Երեք աշխատող ունենալ մեկ ազատազրկվածի համար. ճիշտ հակառակը պետք է լինի: Ամենաառաջադեմ բանտերում մեկ աշխատակցի համար ունենում ես 3 ազատազրկված անձ»,- ասաց Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ 2021 թվականին աշխատանքներ են տարվել, որ Երևանում գործող՝անմխիթար վիճակում գտնվող 4 քրեակատարողական հիմնարկները փակվեն, դրանց փոխարեն բացվի մեկ՝ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկը:
««Նուբարաշեն» ՔԿՀ-ում աշխատելը, իմ խորին համոզմամբ, մարդու իրավունքների կոպտագույն խախտում է»,- ասաց Անդրեասյանը:
Նախարարը նշեց, որ արագ տեմպերով պետք է կառուցվի նոր ՔԿՀ-ն, նույն կոմպլեքսում կլինեն և՛ բուժհաստատությունը, և՛ բոլոր պահման ռեժիմները:
«Մենք մեծ պրոյեկտ ենք սկսել, մեր ԵՄ գործընկերների հետ արդեն սկսել ենք մոդելավորման աշխատանքները, հատկացրել ենք հողատարածքը նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի մոտ: Ուղղակի այնտեղ սահող հողերի հետ կապված խնդիր կար, մեծ ներդրում ենք անելու: Հիմա մենք երկրաբանական հետազոտություն ենք արել, դուրս ենք բերելու արդյունքները: Եթե հավանության արժանացրեց կառավարությունը, այս տարի կսկսենք շինարարությունը: Ֆինանսավորումն էլ ունենք որոշակի չափով՝ ԵՄ գործընկերներն են հետաքրքրված, նաև կանադացի գործընկերները: Բայց սա այն հարցն է, որ պետբյուջեից, եթե ոչ 2022 թվականին, ապա 2023 թվականին կարող ենք ակնկալել լուրջ ներդրում, որովհետև սա լուծելու է և՛ մարդու իրավունքների պաշտպանության հարցը, և՛ վարչարարության հարցը, և՛ նոր խնայողություն է լինելու մեր բյուջեի համար»,- ասաց նա: